08 09 2018

ՀՀԿ-ն համագումար չի անի․ «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն համագումար չի անի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է և նաև ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին:

Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու: Նաև ամառվա ընթացքում կուսակցության քաղաքական թևը պարբերաբար հանդիպումներ է ունեցել, ծրագրել իրենց հետագա անելիքները, բայց առանց Սերժ Սարգսյանի»:

«Փաստ» թերթն այս թեմայով գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով:

Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել ևս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մեջ են, չգիտեն իրենց անելիքները: «Փաստի» հետ զրույցում նրանցից մեկն ասաց, թե ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածվում է բոլոր ՀՀԿ–ականների վրա, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամենի հետ, թե ոչ. արդյունքում դժվար է նույնիսկ «մարդամեջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարությունը ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին:

Ավելին, մեր զրուցակցի խոսքերով, աշնանը կայանալիք համագումարն էլ երեւի թե չի կայանա: Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հատկապես մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ–ից, իսկ նրանք, որոնք չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդվել, ուղղակի անելանելի դրության մեջ են»:

Նյութերն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» և «Ժողովուրդ» թերթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ