06 09 2018

Սանասարյանն ու Գրիգորյանն անընդունելի են ՌԴ-ի համար․ «Ժողովուրդ»

Սանասարյանն ու Գրիգորյանն անընդունելի են ՌԴ-ի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում Հայաստանում:

Այս առումով առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում, և որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնվազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց:

Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր՝ մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաև Դավիթ Սանասարյանի դեպքում: Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ այդ ամենի հետևանքով Պետական վերահսկողական ծառայությանը շատ հաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաև երկրի ներսում: Ավելին, երբ նրա ղեկավարած կառույցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինվորական վերնախավն անլուրջ է մոտեցել նրանց՝ ասելով, որ այստեղ անելիք չունեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ