31 08 2018

Ո՞վ է բարկանալու մինչև կկվի կանչը․ «Հայոց աշխարհ»

Ո՞վ է բարկանալու մինչև կկվի կանչը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Օգոստոսի 17-ի հանրահավաքին հաջորդած քաղաքական բանակցությունների ու հայտարարությունների շնորհիվ օգոստոսի 27-ին գործադիր եւ օրենսդիր իշխանության միջեւ վերականգնված հետհեղափոխական ստատուս քվոն, կարծում ենք, այն առարկայական հիմքն է, որի վրա ծավալվելու են առաջիկա աշնան քաղաքական գործընթացները։   

Դրանով իսկ վերահաստատվում է մայիսին տեղի ունեցած մասնակի իշխանափոխության միջոցով երկրում ձեւավորված փաստացի երկիշխանությունը, որը հիշեցնում է բոլորիս ծանոթ «կկվի կանչին» սպասելու պատմությունը։ Քանզի մեկ տարի հետո խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կառավարության ծրագրում արձանագրված նախնական պայմանավորվածության հիման վրա գործադիրն ու օրենսդիրը խոստացել են այդ ընթացքում չբարկանալ մեկը մյուսի վրա։   

Տարբերությունը միայն այն է, որ գործադիր իշխանության բեռն իր ուսերին վերցրած Ն. Փաշինյանի քաղաքական թիմը չի կարող իրականացնել «աղայի» մոտ հաջորդաբար ծառայության անցած երկու եղբայրներից ծույլի դերը։ Նա պետք է աշխատի եւ իր աշխատանքով ցույց տա, որ կկվի կանչից հետո արժանի է իշխանության խաղաղ փոխանցմանը, որը, սակայն, անգամ դրանից հետո էլ հստակորեն չի երաշխավորված նրա համար։   

Օգոստոսի 17-ին մի պահ թվաց, թե գործադիրը բարկացել է, եւ միայն քիչ անց տեղի ունեցած բանակցությունները վերականգնեցին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրա հետեւանքով չբարկանալու պայմանավորվածության հիման վրա հաստատված ստատուս քվոն փոխանցվում է աշնանային քաղաքական սեզոնին՝ մի էական վերապահումով. թավշյա հեղափոխությունը պարտվել է ամռան քաղաքական ռաունդում, քանի որ վերջին ամիսների ընթացքում որեւէ լուրջ քայլ չի արել իր դիրքերի ամրապնդման համար, բացի «բռնոցիի» միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելուց։  

Նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ կարգախոսն է անցած 3 ամսում մնացել օդից կախված, ուր մնաց՝ մյուս մեծ ու փոքր խոստումները, ուստի ժամանակի կորստյան փաստից ու Ռ.Քոչարյանի քաղաքական ասպարեզ վերադարձից անհանգստացած գործադիր իշխանությունը օգոստոսի 17-ին կարծես թե բարկացավ եւ դեղին քարտ ցույց տվեց օրենսդիրին։ Բայց վերջինս խուճապի չմատնվեց։   

Այդ հանրահավաքից հետո ԱԺ նախագահ Ա.Բաբլոյանի դրսեւորած մտահոգությունը, դրան տրված վարչապետ Ն.Փաշինյանի պատասխանը, նրանց հանդիպման շնորհիվ ընդունված 4 կետից բաղկացած համատեղ հայտարարագիրը եւ դրա վերաբերյալ նախագահ Ա.Սարգսյանի դրական գնահատականը քաղաքական գործընթացները կրկին վերադարձրին մայիսի 8-ի վիճակին։   

Ն.Փաշինյանի հանրահավաքային հայտարարություններից հետո Ա.Բաբլոյանը, հստակորեն արձանագրելով սահմանադրության ու հիմնական օրենքների ոտնահարման սպառնալիքները, բանակցությունների հրավիրեց գործադիրին եւ հասավ հետմայիսյան ստատուս քվոյի վերականգնմանը։   

Այն է՝ խոսքի ազատության դեմ ուղղված սպառնալիքների բացառում, դատարանների անկախության սկզբունքի պահպանում, անցումային արդարադարության ինստիտուտի կիրառման հավանականության պայմանավորում՝ միայն ու միայն քաղաքական քննարկումներով եւ համապատասխան օրենքների ու սահմանադրության փոփոխությամբ, եւ վերջապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկամյա ժամկետի վերահաստատում։  

Սա նշանակում է, որ աշուն ենք մուտք գործում երկրի գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջեւ գարնանը ձեռք բերված չբարկանալու պայմանավորվածության հիմքի վրա, որը դեռեւս պետք է անցնի երկու՝ աշնանային եւ ձմեռային սեզոնների միջով, մինչեւ որ գարունը գա եւ կկուն կանչի՝ ազդարարելով խորհրդարանական ընտրությունների ժամկետի մոտեցման մասին։  

Դժվար է ասել, թե ով առաջինը կբարկանա մինչեւ կկվի կանչը, բայց օգոստոսի 17-27-ը տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ բարկանալու ավելի մեծ հակում ունի գործադիր իշխանությունը, եւ դեռ հայտնի չէ, թե նա դիմանալո՞ւ է առաջիկա աշնանը եւ ապա ձմռանը իրեն սպասող նոր փորձություններին։   

Դրանցից առաջինը արտաքին քաղաքական մարտահրավերներին համիմաստ գործելու ունակությունն է, որն անցած ամիսներին բացակայել է։ Այստեղ անցած ամիսներին ոչ թե գործադիրն ու օրենսդիրն են բարկացել մեկը մյուսի վրա, այլ Հայաստանի զույգ ռազմավարական գործընկերները՝ Ռուսաստանն ու Իրանը։   

Կարծում ենք, արտաքին գործընկերների բարկությունը մեղմելու համար առաջիկայում հարկ է լինելու չբավարարվել Արսեն Խառատյանի հետ տեղի ունեցածով եւ նորանոր զոհեր մատուցել սեփական թիմից, ինչպես նաեւ դիվանագիտական հմտություն ցուցաբերել ՀԱՊԿ շրջանակներում առաջ եկած լուրջ կոնֆլիկտը հարթելու եւ Հայաստանի անվտանգության ապահովման այդ կարեւոր հարթակից մեր երկիրը դուրս չթողնելու համար։  

Մյուս բարդ խնդիրն անկասկած լինելու է Երեւանի քաղաքապետի ընտրության համար սպասվող ընտրարշավը, որում բացի Հանրապետականից փաստորեն ներգրավվելու է Հայաստանի ողջ քաղաքական դաշտը՝ իր բոլոր զառաներով, նառաներով, կառաներով, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանով։ Այստեղ բուն խնդիրը ոչ թե սեփական թեկնածուին քաղաքապետ դարձնելն է, այլ դրա երաշխավորի՝ Ն.Փաշինյանի խոսքին վստահություն հայտնելու երեւանցիների պատրաստակամությունը։  

Ի վերջո՝ նրանք քաղաքապետ են ընտրելու, ով պարտավոր է զբաղվել աղբահավաքով ու մայրաքաղաքի այլ հրատապ խնդիրներով, ուստի եթե անգամ երեւանցիները անսան վարչապետի երաշխավորությանը եւ ձայն տան Կարգին Հայկոյին, ապա արդեն մի քանի ամիս հետո ոչ թե մեր գործադիրն ու օրենսդիրն են բարկանալու մեկը մյուսի վրա, այլ երկրի բնակչության առնվազն կեսը՝ վարչապետի վրա։  

Եթե օգոստոսի 17-ին կարելի էր սպառնալ բոլորին, աջ ու ձախ հաթաթաներ տալ՝ «խելքներդ գլուխներդ հավաքելու» թեմայով, ապա մի քանի ամիս անց հարկ է լինելու գործել ավելի մեղմ ու զուսպ մեթոդներով, որովհետեւ ժամանակը աշխատելու է ամենեւին էլ ո՛չ գործադիր իշխանության օգտին։ Այս տեսանկյունից վճռորոշ շրջանը լինելու է հենց առաջիկա աշունը, երբ վարչապետն ու գործադիրը դեռեւս պահպանում են օրենսդիրի վրա բարկանալու հնարավորությունը, մինչդեռ արտաքին գործընկերներն ու ժողովուրդը նոր-նոր են սկսում բարկանալ նրանց վրա։   

Կարծում ենք, սկսվող քաղաքական աշունը Հայաստանում գարնանից սկիզբ առած կկվի կանչի մասին պայմանավորվածության իրականացման վճռորոշ հանգրվանն է լինելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ