30 08 2018

Արդյո՞ք Հայաստանը կմտնի ԱՄՆ պատժամիջոցների դաշտ․ «168 ժամ»

Արդյո՞ք Հայաստանը կմտնի ԱՄՆ պատժամիջոցների դաշտ․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ ««Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար: Հետ պահելով այլ երկրներին Ռուսաստանից ռազմահետախուզական սարքավորումներ ձեռք բերելուց՝ մենք թույլ չենք տալիս այդ վաճառքից ստացվող հասույթը հասնի Ռուսաստանին, որն այն կարող է օգտագործել՝ բացասական ազդեցության ու ապակայունացման իր միջազգային արշավը շարունակելու համար»,- ի պատասխան «168 Ժամի» հարցադրմանը, թե Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով օգոստոսի 21-ին Մոսկվայում «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրված պայմանագիրը ինչպե՞ս կմեկնաբանեն, և արդյո՞ք այն Հայաստանը մտցնում է ԱՄՆ պատժամիջոցների դաշտ, արձագանքել են ՀՀ-ում ԱՄն դեսպանատնից։

ԱՄՆ դեսպանատնից առաջարկել են պատժամիջոցների մասին կոնկրետ հարցադրումներն ուղղել ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին, որն ԱՄՆ օրենսդրության հիման վրա ապահովում է պատժամիջոցների վարչարարման ու կիրարկման աշխատանքները:

Մեր հարցին, թե ՀՀ-ում ռուսական ռազմաարդյունաբերության հիմնման հարցը կքննարկվի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ, դեսպանատնից պատասխանել են, որ վարչապետի գրաֆիկին առնչվող աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ուստի չեն կարող հստակեցնել, թե այցի ընթացքում ինչ թեմաներ կքննարկվեն:

«Այնուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաների հետ ցանկացած հանդիպման կիզակետում լինելու են մեր երկու երկրների խորը և լայն կապերը, մասնավորապես՝ առևտրի ու ներդրումների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգություն ասպարեզներում»,- նշել են դեսպանատնից:

ԱՄՆ դեսպանատնից չեն հստակեցրել նաև՝ արդյոք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Կոնկրետ հանդիպումների հետ կապված նոր տեղեկություններ չունենք, բայց ևս մեկ անգամ փաստում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի ամուր և տևական գործընկերությունը»,- պատասխանել են ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ