20 03 2020

Ուսանողական մրցույթ՝ նախագահի կողմից

Ուսանողական մրցույթ՝ նախագահի կողմից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար։

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:

Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:

Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):

Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:

Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն [email protected], իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ