11 12 2019

Արայիկ Հարությունյանի դրածոն բուհի բյուջեն մսխում է․ Գագիկ Համբարյան

Արայիկ Հարությունյանի դրածոն բուհի բյուջեն մսխում է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Ու՞մ հաշվին է ինքնահաստատվում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն

ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի` Շիրակի պետհամալսարանի դրածո ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեին վերաբերվում է՝ ինչպես իր անձնականին...

Համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանից դատարանում հերթական խայտառակ պարտությունը կրելուց հետո դիմել էինք պարոն Սերոբյանին հարցումով, թե որքան գումար է վճարել համալսարանը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին՝ պարոն Սերոբյանի ապօրինությունները դատարանում պաշտպանելու համար... Սակայն պարոն Սերոբյանի կողմից բուհում իրավաբան ընդունված անգրագետը իմ հարցմանը պատասխանել է, որ չի կարող այդ տեղեկությունն ինձ տրամադրել, քանի որ այն իր մեջ պարունակում է «անհատական տվյալներ»... Այս պատասխանից կարող եմ ենթադրել, որ ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը ուղղակի «դաբռո» է տվել պարոն Սերոբյանին, ով բուհում անում է այն, ինչ ցանկանում է, կամ էլ Սերոբյանը և իր իրավաբան կոչվածն առաջնորդվում են իրավական գիտելիքների իրենց իմացության մարտնչող տգիտությամբ և զոռբայությամբ...

Զարմանալի է, ինչպե՞ս կարող են նախարարությունները, մարզպետարանները և այլ պետական հիմնարկներ չիմանալ պարոնայք Սերոբյանի և իր բարեկամ՝ իրավաբան կոչված Հովհաննիսյանի տեղը, որ իրենց աշխատակիցների կամ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան ստիպված են տրամադրել իրենց կողմից վճարված ծառայությունների և պարգևավճարների մասին մանրամասները... Նախարարություններում և պետական գերատեսչություններում չգիտեին, որ ծախսերի և հավելավճարների մասին տեղեկություններ տալով` հրապարակում են անձնական տվյալներ...

Ընդհանրապես շատ հետաքրքիր է, թե տիկին Մխիթարյանի ո՞ր անհատական տվյալը պարոն Սերոբյանը կբացահայտի, եթե հրապարակի նրան տրված գումարի չափը, որը վճարվել է համալսարանի բյուջեից և բուհի հանրույթը իրավունք ունի իմանալու դրա մասին...

Այս անտրամաբանական պատասխանը ևս մեկ անգամ փաստում է, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը բուհի բյուջեն մսխում է՝ իր անձնական վրեժխնդրությունից դրդված և փորձում է բուհի բյուջեի հաշվին ինքնահաստատվել... Պարոն Սերոբյանի կողմից փաստաբան Մխիթարյանին տրամադրված գումարը բացահայտելու համար` ստիպված եմ դիմելու դատարան, քանի որ իմաստ չկա կրկին դիմելու ռեկտորի ԺՊ-ին կամ հոգաբարձուների խորհրդին...

Հ.Գ. Հավելեմ, որ բուհում կա «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին», որի պարտականություններից մեկն էլ ռեկտորի շահերի պաշտպանությունն է դատարաններում... Սակայն պարոն Սերոբյանը և իր բարեկամը՝ բուհի անգրագետ իրավաբանը որոշել էին, որ այս պրիմիտիվ գործի համար պետք է փաստաբան վարձեին, որին վճարված գումարն էլ գաղտնի պահեին... Հետաքրքիր է, ու՞մ կամ ինչի՞ համար է այդ բաժինը գործում, երբ պարոն Սերոբյանը հաճախակի է հայտնվում խայտառակ իրավիճակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ