24  05  2019

Հայաստանի դպրոցներում Վերջին զանգ է

Հայաստանի դպրոցներում Վերջին զանգ է

Հայաստանի դպրոցներում մայիսի 24-ին նշում են ավարտական դասարանների աշակերտների «Վերջին զանգ»-ը:

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում:

ՀՀ հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:

ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել շրջանավարտներին, որում նշվում է․

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:

Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։

Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն։Սիրելի՛ շրջանավարտներ, եղեք վստահ, ազնիվ, հաստատակամ ու պատասխանատու՝ հանուն մեր երկրի վաղվա բարեկեցիկ կյանքի և ապահով ապագայի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ