28  12  2018

Մայր բուհը դատի կտա Պետական վերահսկողական ծառայությանը

Մայր բուհը դատի կտա Պետական վերահսկողական ծառայությանը

Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում ստուգել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի ֆինանսական գործունեություն, Մայր բուհում հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների մեծագույն մասին հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը  դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

Արդեն 5 ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ երեք հանձնարարագիր է ստացել ստուգումների վերաբերյալ՝ առաջինը հուլիս ամսին, այնուհետ՝ հոկտեմբերին՝ երկարաձգելու համար ստուգումների ժամկետը, իսկ հետո՝ նոյեմբերի 30-ին դարձյալ ստուգումները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու համար:

«Վեց ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Հայտարարության մեջ նշվում է երկու ամսվա ստուգումների արդյունքում, ինչը չի համապատասխանում իրականությանը, ուղիղ 6 ամիս է՝ ստուգումներ են հայտարարել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքի դրույթը։

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ և ամեն ինչ անում է միտումնավոր: «Այդ ապատեղեկատվությունը շեղում է հասարակության ուշադրությունը՝ ԵՊՀ-ին հանիրավի թիրախ դարձնելով»,- ասաց Արամ Սիմոնյանը։

«Մենք ստուգման համար տրամադրել էինք բոլոր փաստաթղթերի պատճենները: Այսպիսով` վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում և այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Մենք իրավական գնահատականի պահանջով դատի ենք տալու ծառայությանը՝ մեր բարի համբավը վերականգնելու նպատակով»,-նշեց նա:

ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ ստուգումներ են իրականացվել անգամ օգոստոսին, երբ արձակուրդի մեջ է եղել համալսարանի ամբողջ անձնակազմը, փաստաթղթերը նրանց կրիչների վրա է փոխանցվել: «Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ: Եվ նույնիսկ այս բոլոր մտահոգությունները, որոնք նրանք ներկայացրել են, գումարում ենք, մի փոքր ավելի է քան 500 միլիոնը, իսկ ծառայության տնօրենը խոսում է 800 միլիոն դրամի մասին»,- ասաց նա՝ նաև ընդգծելով, որ ստուգումներին մասնակցել է 18 աշխատակից, սակայն փաստաթուղթը կազմել է միայն ղեկավարը։ «Դա ևս խախտում է, որովհետև ամեն մեկն իր մասի վերաբերյալ պետք է ստուգումները ներկայացներ: Այս ստուգումները մեզ ցույց տվեցին, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կազմի հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները»,- շեշտեց նա:

«Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը արդյունքները ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի  իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ, միայն վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն։ Մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չվերապահված վարչապետի գործառույթներ։ Սա արվում է  միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ին, ղեկավարությանը, համալսարանի գործունեությանը՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը,»,- դժգոհեց ԵՊՀ ռեկտորը։

Նման հայտարարությունը ԵՊՀ ռեկտորը պայմանավորեց նրանով, որ ինքը 1997 թվականից ՀՀԿ անդամ է։ «Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ 97 թվից, և դա էլ միգուցե իր դերն է խաղացել, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ ԵՊՀ-ում չի եղել մի գործարք՝ ցույց տված փաստաթղթերով, որը գոյություն չի ունեցել»,-նշեց նա՝ հավելելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների, դասախոսների գերակշիռ մասի աջակցություն, ես, ի վերջո, ընտրված ռեկտոր եմ: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը այն էլ այն դեպքում, երբ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ