05  11  2018

Ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ. ԿԳՆ

Ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ. ԿԳՆ

Այս պահին ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Ես հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհով այդ խնդիրը կլուծվի: Վերջերս ինձ այցելել էին 4 ուսուցիչ, որոնք դասավանդում են նույն դպրոցում «տեխնոլոգիա» առարկան: Մեկն ուներ շաբաթական 4 ժամ, մեկը՝ 5 ժամ, մեկը՝ 6 ժամ, մյուսը՝ 7 ժամ: Նրանք բողոքում էին, որ տնօրենը փորձում է միավորել այդ մի դրույքը: Այդ 4-5-6 ժամերի համար չնչին աշխատավարձեր են ստանում ուսուցիչները: ԿԳՆ-ն պետք է դադարի սոցիալական ծրագրեր լուծող նախարարություն լինելուց, այլ լինի կրթության քաղաքականություն վարող նախարարություն: Տասնամյակներ շարունակ չենք անդրադարձել այս խնդրին: Ես վստահ եմ, որ եթե ուսուցիչը 4 ժամ է դասավանդում ու ստանում 10 հազար դրամ, դրանից նրա արդյունավետությունն էլ է ցածր, նա նաեւ սոցիալական խնդիր չի լուծում այդ 10 հազար դրամով»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է նրան, որ նման քայլի հետեւանքով բազմաթիվ ուսուցիչներ կզրկվեն աշխատանքից, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մենք հիմա մտածում ենք վերապատրաստումների մասին, որ դուրս մնացածները այլ ոլորտներում գտնեն իրենց աշխատանքը»:

Նա նշեց, որ կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու նաեւ նախարարություններում. «Ես անձամբ հիմա յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված եւ առաջնային դիտարկումները ցույց են տալիս, որ այստեղ էլ օպտիմալացնելու տեղ ունենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ