23  10  2018

11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի

11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները։ Մերձավոր Արևելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։

Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս ապրելու ապահով և ստանալու աջակցություն ու լուրջ կրթություն։ Բոլոր կրթաթոշակառուները կամ փախստականներ են, որ կորցրել են մեկ կամ երկու ծնողի, կամ գալիս են մարգինալացված համայնքներից։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:2018 թվականի կրթաթոշակառուները ծագում են Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից և Իրաքից՝ ընտրվելով այդ երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների կողմից։ Երախտագիտության կրթաթոշակները հայության երախտագիտության դրսևորումն է՝ ուղղված Մերձավոր Արևելքի այն ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթևան և սնունդ են տրամադրել հայ գաղթականներին։

Ուսանողները տեղաբաշխվել են աշխարհով մեկ գործող Միավորված Աշխարհի Քոլեջներ ցանցի հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում։«Մենք հպարտությամբ ողջունում ենք այս տարվա Երախտագիտության կրթաթոշակառուներին։ «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները հնարավորություն են տալիս ուսանողներին հետամուտ լինելու իրենց երազանքների իրականացմանը։ Սա հատկապես կարևոր է այն երիտասարդների համար, որոնց կյանքը լրջորեն տուժել է հակամարտությունից և տեղահանությունից։

Մենք խորապես հավատում ենք, որ կրթությունն ի զորու է ցանել փոխըմբռնման սերմեր, միավորել մարդկանց, կերտել խաղաղություն և դրականորեն ազդել մեր աշխարհի վրա՝ ձևավորելով ավելի կայուն ապագա։ UWC դպրոցների նախկին, ներկա և ապագա ուսանողներն այս շարժման մի մասնիկն են ու ստացել են սովորելու և միմյանց օգնելու հնարավորություն։ Սա բարեգործության շղթա է»,– ասել է UWC Դիլիջան քոլեջի կառավարող խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

«Հավատացած ենք, որ այս կրթաթոշակային ծրագիրը հավելյալ մի հնարավորություն է, որով մենք նպաստում ենք երիտասարդների շրջանում միջմշակութային փոխանակմանը և մարդասիրական արժեքների գիտակցմանը, իսկ ընդհանուր հարկի տակ նրանց միավորելով՝ ընձեռում ենք միմյանցից սովորելու առիթ՝ ձևավորելով ապագա այն սերունդը, որը մարմնավորելու է երախտագիտության, մեծահոգության և մարդկայնության արժեքները»,– հավելել է նա։7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ֆոնդ ունեցող Երախտագիտության կրթաթոշակային ծրագրում ներառված են նաև Ամալ Քլունիի, Շառլ Ազնավուրի և Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակները։

Ծրագրի ընթացքում հակամարտությունների, աղքատության և այլ անբարենպաստ պայմաններից տուժած երկրներից 100 խոստումնալից երիտասարդների և ապագա պոտենցիալ առաջնորդների ընձեռվել է UWC ցանցի միջազգային դպրոցներից և քոլեջներից մեկում ուսանելու հնարավորություն։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության և այլ կրթաթոշակներ է հատկացրել 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել սովորելու Միավորված աշխարհի քոլեջների և Հայաստանի ամերիկյան համալսարանի կրթական ցանցերում՝ ստանալով կրթություն և միջազգայնորեն ճանաչված որակավորում։

Ուսանողներն ընտրվել են ըստ ցուցաբերած ուսումնական առաջընթացի և արտադասարանային ներգրավվածության, ինչպես նաև սեփական համայնքներում իբրև ապագա երիտասարդ առաջնորդ՝ իրենց ներուժի գնահատման հիման վրա

։Այս տարվա կրթաթոշակառուներից մեկը՝ Ալիս Ալ-Մոհամադը, այս առթիվ նշել է. «Ես իսկապես երախտապարտ եմ այն հնարավորության համար, որն ինձ ընձեռել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակային ծրագրի ընտրող հանձնաժողովը, և մեծ ուրախ եմ սովորել UWC դպրոցում նոր դասընկերների հետ։

Այս հնարավորությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ ինձ առիթ է տալիս ոչ միայն ծանոթանալու ավելի լավ կրթական մի համակարգի, այլև հանդիպելու և շփվելու զանազան մշակույթներ կրող մարդկանց հետ։ Նախքան «Ավրորայի» կողմից այստեղ գտնվելու հնարավորություն ստանալը, ես միշտ համարել եմ, որ իմ ազատությունն ու սեփական մտքերով կիսվելու միջոցները սահմանափակված են, մինչդեռ այժմ զգում եմ, որ այդպիսի սահման այլևս գոյություն չունի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն ինձ այս կրթաթոշակը հատկացնելու՝ այդքան անհրաժեշտ հնարավորությունը տալու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ