17 10 2018

Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

Թումոյի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

Հոկտեմբերի 16-ին Փարիզում տեղի ունեցավ «Թումո Փարիզ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում Թումոյի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը:

Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս Թումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց թումոները: Ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում Ֆրանկոֆոնիայի տոնն էր և քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով: «Իսկ այսօր ես ուրախ եմ, որ Երևանը, հայկականն է ներկա Փարիզում: Ներկա է «Թումո»-ի շնորհիվ և միջոցով»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ «Թումո Փարիզ»-ը Երևանի, հայկական ստեղծագործ մտքի ու ապրանքանիշի ներկայացումն է Փարիզում:

«Իմ պարտքը համարեցի անպայման ներկա գտնվել Փարիզում «Թումոյի» պատանիների համար առաջին թվային ստեղծագործությունների դպրոցի բացմանը, քանի որ այն Երևանի ներդրումն է Փարիզում, Երևանի և հայկական ստեղծագործ մտքի ապրանքանիշի ներկայությունն է Փարիզում: Հարգելի քաղաքապետ, Անն Իդալգո, այս կապակցությամբ իմ հատուկ և խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ձեզ, որ ուղիղ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելելով Երևանի «Թումո», խորապես տպավորված և ոգևորված լինելով, ոգեշնչվելով Ձեր տեսածով, հանձնառություն վերցրեցիք նման դպրոց բացել նաև Փարիզում և այն իրականություն դարձրեցիք այսքան կարճ ժամկետում:

Դուք դրանով հնարավորություն տվեցիք պատանիներին՝ ինքնադրսևորվելու և կայանալու թվային աշխարհում՝ նաև նպաստելով Երևանի և հայկականի արժևորմանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Այս պահին հուզված եմ և ուզում եմ մի փոքր շեղում անել այս տեքստից: Պապս եղել է ֆրանսերենի շատ մեծ գիտակ, հմուտ թարգմանիչ, թարգմանել է Բալզակ, Ռոմեն Ռոլան և, ցավոք սրտի, այն ժամանակ չէր կարող այցելել Փարիզ, որովհետև արգելված էր դա, և հետաքրքիրն այն է, որ իր պատմվածքներում շատ հաճախ նաև նկարագրում էր Փարիզը:

Այսօր ես համոզված եմ, որ նա իմ աչքերով տեսնում է Փարիզը, այս հրաշք քաղաքը՝ հրաշք մարդկանցով, հրաշք ճարտարապետությամբ և մշակույթով: Նաև ուզում եմ բացատրել իմ երջանկությունը: Պետք է նշեմ, որ իմ երեխան նույնպես Երևանում այցելում է «Թումո» կենտրոն և ես գիտեմ ՝ որքան օգուտ է դա նրան և որքան երջանիկ է նա այնտեղ: Ու ես իսկապես ուրախ եմ, որ այսուհետ Փարիզի երեխաները զգալու են նույն երջանկությունը»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ