02  07  2018

Առաջին դասարանցիների գրանցման հայտերը հաջորդ տարվանից առցանց կլրացվեն

Առաջին դասարանցիների գրանցման հայտերը հաջորդ տարվանից առցանց կլրացվեն

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ այդկերպ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, և տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից  ավելի քանակությամբ աշակերտ ընդունել:

«Որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, և ակնհայտ է դարձել, սա նաև համակարգային խնդիր է: Հիմա ընթացիկ հարցերը փորձում ենք լուծել, բայց հաջորդ տարվանից կունենանք համակարգային լուծում, այն է՝ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ, կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջին  դասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար»,- ասաց նա:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ երբ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ էլ տնօրենը չեն կարող չափից ավելի շատ աշակերտներ գրանցել այդ կայքում: Ըստ նախարարի՝ կան «որոշ օլիգարխ դպրոցներ, որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում», իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրեների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված են լինում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրառումով, որում նշված են Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկի խորհրդի անդամների անունները, որոնք էլ պետք է ընտրեն տնօրենին։

«Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել։ Շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչն այսպիսի խայտառակություններ թույլ չի տա։ Նաև կարող է հարց լինել, թե ինչպես է սա հնարավոր հիմա։ Ասեմ, որ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ