30  05  2018

Ո՞վ է Արամ Սիմոնյանին հասցրել հիվանդանոցային վիճակի. ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում

Ո՞վ է Արամ Սիմոնյանին հասցրել հիվանդանոցային վիճակի. ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում

ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 29-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին:

Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր:

Անթույլատրելի ենք համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ: Անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին:  Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երևանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ և այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ: Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ»:

 «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նույնպես արձագանքել է ԵՊՀ-ում կատարվածին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ թե՛ երեկ, թե՛ այսօր ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որևէ գործողություն կամ գործունեություն: «Պետք է փաստենք, որ ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով և հայտարարություններով ևս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը ուսանողական խնդիրներին և անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը հայտարարվել է անկախ ուսանողական տարածք, որտեղ այժմ ուսանողների և դասախոսների մի մասը կիսվում են իրենց խնդիրներով, մի մասը պատրաստվում է քննություններին, մի մասն էլ լսում է երաժշտություն: Մենք կարծում ենք, որ բուհի կարևորագույն հատկանիշներից մեկը պիտի լինի ուսանողակենտրոնությունը: Բուհը ուսանողին վերադարձնելու պրոցեսը սկսվել է և այն անկասելի է:  Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մի կողմ թողնելով ընթացիկ տարաձայնությունները և առկա լուրջ գաղափարական հակասությունները՝ ուսանողական անկախ, ազատ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ