31  03  2018

«Լույս»-ի կրթաթոշակառուները պարտավոր կլինեն Հայաստան գալ. Նոր կարգ

«Լույս»-ի կրթաթոշակառուները պարտավոր կլինեն Հայաստան գալ. Նոր կարգ

Ապրիլի 1-ից մեկնարկում է 2018-2019 ուստարվա համար «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը: «Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, նորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերելու ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններում։

2017 թ․ հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։ Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ․ ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են.

  • կրթաթոշակառուներին առաջադրվող պայմաններին (օրինակ՝ այսուհետ կրթաթոշակառուներին պայման է առաջադրվելու ուսման ավարտից հետո Հայաստան գալու և առնվազն երեք տարի այստեղ ապրելու/աշխատելու), 
  • Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համար նախատեսված կրթաթոշակային տեղերի քանակային հարաբերակցությանը,
  • տրամադրվող կրթաթոշակի հաշվարկման չափանիշներին։

 «Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․

  1. լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  2. «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,
  3. ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու

Կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով:

Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ:

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներին կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:

Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

Մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ:

Նշենք, որ այս հիմնադրամով արտերկրում կրթության ստացածների մի մասը կրթությունն ավարտելուց հետո աշխատանք և գիտական գործունեություն է ծավալում արտասահմանում: Տարբեր հաշվարկներով, նրանց թիվը կազմում է մինչև 40 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ