21  02  2018

Ինչո՞ւ պետք է բուհի խորհրդի կազմը հաստատի վարչապետը. Նախարարի մեկնաբանությունը



Փետրվարի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցան գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ նոր օրինագիծն էլ դոգմատիկ փաստաթուղթ չէ, այն հնարավոր է ենթարկվի փոփոխությունների, բայց մինչև այդ հարկավոր է քննարկել՝ անհրաժե՞շտ է բարձրագույն կրթության մասին օրենք ունենալ, ինչպիսի՞ խնդիրներ պետք է լուծի այս օրենքը: «Օրենքը չպետք է խոչընդոտի զարգացմանը: Հայաստանում չպետք է խոչընդոտվի որևէ առողջ ծրագրի իրականացում՝ այն պատճառով, որ օրենքը թույլ չի տալիս: Օրենքը պետք է կանաչ լույս բացի մեր երկրի առջև կանգնած լուրջ ճանապարհ անցնելուն»,- նշեց Մկրտչյանը:

Նախարարի դիտարկմամբ՝ բարձրագույն կրթական համակարգը կատարում է իր առջև դրված խնդիրները, թեև ֆինանսավորումը քիչ է, «ամբողջ տարվա համար հատկացված գումարը ամերիկյան որևէ համալսարանի մեկ ֆակուլտետի գումարի չափ է»։ Նախարարը խոսեց բարձրագույն բուհական համակարգի թերացումների մասին և նշեց, որ Հայաստանում մասնագիտական կրթության խիստ հումանիտարիզացված է: «Մեր մասնագիտական կրթության 70 տոկոսը հումանիտար առարկաներ են: Գիտությունը համարյա ներկայացված չէ այսօր մեր բարձրագույն կրթության սպեկտում: Ոչ պետական համակարգն էլ առանձնապես ներկայացվածություն չունի: Մենք ունենք բնագիտության, գիտությունների պահպանման խնդիր, որը փոխելու համար պետք է փոխել դպրոցները»,- մասնավորեցրեց նա: «Երիտասարդը, որը դառնում է 40 տարեկան, հասկանում է, որ որևէ շանս չունի ամբիոնի, լաբորատորիայի վարիչ դառնալու: Եվ իրենց կարողությունները այս երիտասարդները ներդնում են այլ ոլորտներում, արտասահմանում: Աշխարհում շատ երկրներ կան, ովքեր գիտություն չունեն, ապրում են սպասարկման ոլորտով, մենք նման բան անելու իրավունք չունենք, գիտական պոտենցիալը կորցնելու իրավունք չունենք: Բոլոր այստեղ ներկաներին ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ երեսուն տարի լինելով ամբիոնի վարիչ, չեք դաստիարակել փոխարինող սերունդ»:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ պարտավոր են ապահովել համալսարանների անկախությունն ու բեռնաթափել համալսարանների բյուրոկրատական հատվածը:

«Սրա համար մենք փոխել ենք կառավարման ձևը, որի հիմքը դարձել է կրեդիտայինը: Ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- հայտարարեց նա:

Նախարարի խոսքով՝ այս առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, սակայն նա համարում է, որ այն կբացառի մի շարք դրսևորումներ, օրինակ` մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջորդ կուրս չփոխադրվելը:

«Առաջարկվող փոփոխություններով` եթե ուսանողը չի հանձնել տվյալ առարկան, ապա դա չի խանգարի նրան փոխադրվել հաջորդ կուրս: Այսինքն՝ նաև վճարման համակարգը պիտի փոխվի, և ամենակարևորը պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները: Եթե ուսանողը չի հանձնում մոդուլը,ապա հաջորդ տարի նորից կվճարի, այդ մոդուլը կսովորի և կհանձնի իր հատվածը, ոչ թե դուրս կմնա հաջորդ կուրսից»,- պարզաբանեց Մկրտչյանը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված: Նա հորդորեց գոնե հաստատման իրավունք տալ ոչ թե վարչապետին, այլ Կառավարությանը, որովհետև «վարչապետը չէ այս ամենի հիմնադիրը»: Իսկ Անահիտ Բախշյանն էլ շարունակելով մտահոգությունը, ասաց, որ բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը:

«Հասկանալի է քաղաքական մեծամասնության նպատակը: Բայց սա ուղիղ հակադրության մեջ է Ձեր կողմից բարձրացված խնդրին՝ ապաքաղաքականացնել բուհի կառավարումը, բարձրացնել ինքնավարումը: Չի կարող ինքնակառավարումը անկախ լինել, եթե վարչապետն է հաստատելու կազմը»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ իրավաբանորեն բաց կմնա, թե ով պետք է հաստատի բուհի խորհուրդը: Նախարարի խոսքով՝  բուհն ունի հիմնադիր, և խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից, թե ով կլինի այդ հիմնադիրը՝ նախարարը, թե վարչապետը, կարևոր չէ:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի ամփոփիչ ասուլիսում կրթության և գիտության նախարարը խոսեց կրթական համակարգն արմատապես փոխելու անհրաժեշտության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ