29  01  2018

Գիտական հիմնարկներում սպասվում են կրճատումներ

Գիտական հիմնարկներում սպասվում են կրճատումներ

Գիտության պետական կոմիտեի 2018 թվականի ծրագրերով նախատեսվում է ֆինանսավորման նոր համակարգ ներդնել և գիտական ինստիտուտների միավորման գործընթաց սկսել։ Այս մասին հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Ներկայումս ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված են ընդհանուր թվով 87 գիտահետազոտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և բուհերի կազմում ընդգրկված մասնաճյուղեր։

«Մենք ցանկանում ենք ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել, համաձայն որի գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց ստացած գիտական արդյունքների կարևորության և որակական որոշակի չափանիշների առկայության պարագայում։ Մշակվում է համապատասխան բալային համակարգ, որով կգնահատվեն ինստիտուտները։ Եվ ինստիտուտները կբաժանվեն մի քանի կատեգորիաների, համապատասխան կատեգորիայի ինստիտուտը կունենա համապատասխան ֆինանսավորում» -նշեց Սամվել Հարությունյանը։

Այս տարվա ընթացքում նաև նախատեսվում է գիտության ոլորտի օպտիմալացման և կառուցվածքային փոփոխությունների ծրագրի մշակում իրականացնել։ Կմիավորվեն այն հիմնարկները, որոնք իրենց թեմատիկայով կրկնվում են: Գիտաշխատողների թիվը կմնա նույնը, իսկ վարչական աշխատողները կկրճատվեն։ Ծրագրով նախատեսվում է վարչական աշխատողների կրճատման շնորհիվ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում անել:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին մինչև 35 տարեկան գիտնականների թիվը բավականին աճել է, բայց խնդիր կա 35-55 տարեկան գիտնականների հարցում։ Պատճառը, ըստ նրա բարձր աշխատավարձով աշխատանքի հրավերն է արտերկրից:

Գիտության պետական կոմիտեի առջև դրված հաջորդ խնդիրը գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացումն է։ Մասնավորապես, խնդիրը թեկնածուական թեզերի մեծ թիվն է, որը, նրա կարծիքով, Հայաստանի պարագայում բավականին չափազանցված է։ Սամվել Հարությունյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան 500 թեկնածուական և 40 դոկտորական թեզեր են պաշտպանվում։ Դրանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ գիտական ներուժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ