28  12  2017

Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կստեղծվի

Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կստեղծվի

Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կստեղծվի: Կառավարությունը նման որոշում կայացրեց դեկտեմբերի 27-ի նիստում:

Կառավարությունը հիմնավորում է այսպես.

Այսօր աշխարհը գտնվում է նոր տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում, որը նաև անվանում են «չորրորդ արդյունաբերական հեղափոխություն»: Վերջինս բնութագրվում է աննախադեպ գլոբալ և տնտեսական ազդեցություն ունեցող մի խումբ բեկումնային տեխնոլոգիաների զարգացմամբ: Սա և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն Հայաստանի համար նորարարությամբ աչքի ընկնող և համաշխարհային զարգացումներում մրցունակ ներդրում ունեցող երկիր դառնալու և տնտեսության ոչ գծային զարգացում ապահովելու համար: Հայաստանի տեխնոլոգիական համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։ Համալսարանի՝ որպես առկա համակարգի նոր կարևոր օղակի ստեղծումը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։ Տեխնոլոգիական համալսարանը տեղական գործընկեր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ բազմաշերտ գործընկերության և ցանցային մշակույթի միջոցով Հայաստանում կարող է առաջացնել փոխազդեցության արդյունավետ դաշտ։

Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման համար առարկայական կլինեն Տեխնոլոգիական համալսարանի կողմից և նրա օժանդակությամբ ներդրված միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրերը և ժամանակակից բովանդակությունը։

Տեխնոլոգիական համալսարանի գործունեության կենսական ուղղություններից մեկը կլինի ոլորտի գիտահետազոտական աշխատանքների առաջընթացը։ Այս նպատակով համալսարանն իր տարածքում կստեղծի միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ։ Տեխնոլոգիական համալսարանը նմանատիպ լաբորատորիաներ կներդնի նաև գործընկեր բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաև կօժանդակի նրանց՝ վերազինելու իրենց գիտահետազոտական ենթակառուցվածքները։ Այս համատեքստում Տեխնոլոգիական համալսարանը բազմաշերտ համագործակցություն կհաստատի գործընկեր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ՝ իրականացնելով համատեղ գիտահետազոտական ծրագրեր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մակարդակով (օրինակ՝ միջազգային դրամաշնորհների ֆինանսավորմամբ)։

Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։ 

Տեխնոլոգիական համալսարանի գործունեության մյուս կարևոր ուղղությունը կլինի Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների զարգացմանը նպաստելը։ Սրա խթանման հարթակներ կլինեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունը գործնական հետազոտությունների իրականացման մեջ, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների առևտրայնացումը և, ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական ձեռներեցության և նորարարության խթանումը։

Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց: Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը միտված է Հայաստանում գործընկեր բուհերին և գիտահետազոտական հաստատություններին համախմբելու մի ընդհանուր օրակարգի շուրջ, որի նպատակը ոլորտի արագ զարգացումն ու փոխազդեցության ստեղծումն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ