22  11  2017

Տարկետման օրինագծի շուրջ հաջորդ քննարկումը տեղի կունենա 2 շաբաթից

Տարկետման օրինագծի շուրջ հաջորդ քննարկումը տեղի կունենա 2 շաբաթից

ԱԺ-ում մեկնարկել է տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կլոր սեղան-քննարկումը:

Քննարկման առարկան նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որի դեմ բողոքի ցույցեր էին անում ուսանողները:

Ուսանողների դիմաց նստած են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Հակոբ Հակոբյանը, Ֆելիքս Ցոլակյանը: Քննարկումը վարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ պետք է փորձել ամրագրել, թե ինչ խնդիրներ կան, որպեսզի հարցերը լուծվեն: Նա նշեց, որ հակասություն չկա բանակային ծառայության և գիտության զարգացման միջև, այս խնդիրն արհեստական է: 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Նա, այդուհանդերձ, ընդունեց, որ որոշ մասնագիտությունների համար, իրոք, կա անընդհատության խնդիր: հարկավոր է հասկանալ, թե որ մասնագիտական ուղղություններն են, որ անընդհատության խնդիր ունեն: Նախարարը շեշտեց, որ ՊՆ-ի հետ հենց այդ խնդիրը պետք է լուծեն:

Ըստ նրա` երիտասարդների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի հետ պետք է որոշեն` ում տալ արտոնություն և ինչ չափանիշների դիմաց:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն առաջարկում են հաջորդ կլոր սեղան քննարկումը լինի Կառավարությունում:

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հաջորդ հանդիպման համար երեք առաջարկ արեց, նախ՝ առանձնացնել լուրջ քննարկման հարցերը, այնուհետև դրանք փաստաթղթավորել, այնուհետև ստեղծել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք կքննարկի և կգա կոնսենսուսի։

Նախաձեռնության անդամները նշեցին, թե ամեն ինչ կախված է քննարկումների արդյունքից, որ նշված խնդիրները լուծումներ գտնեն: Դավիթ Պետրոսյանը նշեց, թե ինչպես փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ տարկետում լինելու պահանջը բավարարված է և տարկետում կա, ուստի պետք է քննարկեն, հատկապես որ իրենց առաջին առաջարկներն ընդունելի են, ուստի երկրորդ սկզբունքների շուրջ էլ կսկսեք քննարկումները: Նշենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա երկու շաբաթ անց:

Տեսանյութը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ