12  10  2017

Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը լուծարվեց

Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը լուծարվեց

Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը լուծարվեց: Նման որոշում կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 12-ի նիստում: Մասնաճյուղը բացվել էր 9 տարի առաջ:

2015 թվականի դեկտեմբերի 28-ի ԼՂՀ կառավարության հմ. 911-Ն որոշմամբ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որին վերապահվել է ագրարային մասնագիտությունների գծով ընդունելության և ուսուցման կազմակերպում:

Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրումից հետո Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղին չեն հատկացվում ընդունելություն տեղեր և այս պահին մասնաճյուղում սովորում են միայն 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողներ:

Ստեղծված իրավիճակում առաջացել է լրջագույն խնդիր մասնաճյուղի ուսանողների և դասախոսական անձնակազմի հետագայի համար, քանի որ ուսանողները հրաժարվում են տեղափոխվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան և ստանալ վերջինիս կողմից շնորհվող ավարտական փաստաթուղթը:

Նկատի ունենալով առաջացած խնդրի կարևորությունը հայաստանյան կողմը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և ղարաբաղյան կողմը (ԼՂՀ կառավարություն, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Շուշիի տեխնոլոգիական համալսարան) սկսեցին իրականացնել բանակցություններ, որի արդյունքում ԼՂՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի հմ. 233-Ն որոշմամբ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվեց փոփոխություն` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի կազմերում հատկացվեցին տեղեր՝ նրան վերապահելով կառավարչական և գիտակառավարչական լիազորություններ:

Եվ այսպես, մասնաճյուղը լուծարվելուց հետո սովորողները կտեղափոխվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համակազմ, կրթական գործունեության գործընթացը կվերահսկվի ագրարային համալսարանի կողմից և նրանց կշնորհվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավարտական փաստաթուղթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ