10  10  2017

Քոլեջ և ուսումնարան դիմողների թիվն ավելացել է

Քոլեջ և ուսումնարան դիմողների թիվն ավելացել է

Վերջին 1,5 տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում իրականացվում են հիմնականում միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրեր: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց  ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը: Այս պահին դոնոր կազմակերպությունների թիվը ոլորտում հասել է 10-ի` այն դեպքում, երբ ընդամենը 1,5 տարի առաջ այդ թիվը 1-2 էր:

Իրականացվող ծրագրերից ամենակարևորներից մեկը դուալ կրթական համակարգի ներդրումն է:

«Ծրագրի շրջանակում այս տարվա սեպտեմբեր ամսվանից փորձարարական կարգով հանրապետության 4 ուսումնական հաստատություններում 4 մասնագիտությունների գծով ներդրել ենք դուալ կրթական համակարգ: Ուսումնական գործընթացին զուգահեռ իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Սա ենթադրում է, որ 5-օրյա ուսուցման ցիկլում 2-3 օր ուսանողը կանցկացնի քոլեջում կամ ուսումնարանում, իսկ մնացած 2 օրը` գործատուի մոտ` պրակտիկ գիտելիքներ ստանալով»,- ասաց Աղբալյանը:

Բացի այդ` ՄԿՈՒ ոլորտում ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագիր են կյանքի կոչում, որն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը` աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևով: ԵՄ աջակցությամբ «Save the children» ՀԿ-ի հետ ԿԳՆ-ն իրականացնում է նաև մեկ այլ ծրագիր, ըստ որի` հնարավորություն է ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի մասնագիտություն ձեռք բերել:

«Սա գրանտային ծրագիր է, որին մասնակցելու համար մոտ 40 հաստատություններ հայտ ներկայացրին, սակայն նրանցից 4-ը 9 մլն շահեցին: Սա սոցիալական հիմնարկությունների հիմնման ծրագիր է` քոլեջներում ու ուսումնարաններում հիմնվում են ձեռնարկություններ, որոնցում հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին աշխատել:»,- ասաց Աղբալյանը:

Ըստ նրա` կարևոր է նաև այն փաստը, որ իրենք այժմ պատրաստում են մի ձեռնարկ, որը ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկությունների հիմնմանն է վերաբերելու: Սա լավ հնարավորություն է ոչ միայն արտադրական գիտելիքները լրացնելու, այլ նաև ուսումնական հաստատություններում արտաբյուջե ունենալու:

Արտակ Աղբալյանը նաև նշեց, որ ՄԿՈՒ ոլորտում այս տարի ընդունելության ցուցանիշները բավականին հաջող են եղել: 7374 ուսանող է ընդունվել միջին մասնագիտական հաստատություններ, իսկ 3777 ուսանող էլ` արհեստագործական մասնագիտություններ: Ըստ Աղբալյանի` 2016-ի համեմատ, 2000-ով ավելացել է ուսանողների թիվը:  «Շաբլոն» են շարունակում մնալ էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում, աուդիտ, շուկայաբանություն, բանկային գործ, ապահովագրական գործ մասնագիտությունները, և սրանք հիմնականում այն մասնագիտություններ են, որոնց աշխատանքի տեղավորման ցուցանիշը բավականին ցածր է: Նրա խոսքով` իրենք քայլեր են անում աշխատաշուկա-ուսումնական հաստատություն կապեր ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու ուղղությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ