05  10  2017

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է

Աշխարհի ավելի քան 100 երկրում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի օր: Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է 1994 թվականից սկսած:

Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին:

Մասնագիտական տոնի առթիվ հղած ուղերձում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասել է.

«Իր  կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

 Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը  լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ  ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի  պարտքն է և,  միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը  որոշիչ  է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ  առողջություն և  նորանոր հաջողություններ»:

Այս տարի Հայաստանի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները կպարգևատրվեն ավտոմեքենաներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ