10  08  2017

Ստեղծվում է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ



Հայաստանում ստեղծվում է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ : Նման որոշում կայացրեց կառավարությունը՝ օգոստոսի 10-ի նիստում:

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը պաշտպանության նախարարությունն է:

Կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման համաձայն պաշտպանության նախարարությանը հանձնված՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող, 15,660,317,643.00 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և 133,249,341,00 դրամ հաշվեկշռային արժեքով 7,84668 հեկտար հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է հիմնադրամին:

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը, համաձայն կանոնադրության, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

Վարժարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

Վարժարանի նպատակն օրենքով սահմանված հանրակրթական ավագ և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:

Վարժարանն իր նպատակներին համապատասխան՝ իրականացնում է՝

1) սաների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումր,

2) անհատի բազմակողմանի զարգացումը,

3) սանի առողջության պահպանումը,

4) սաների ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումը,

5) օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումը,

6) սաների՝ հետազոտական և ստեղծագործական աշխատանքների կատարման մշակույթի ձևավորումը,

7) մասնագիտական կողմնորոշման հարցի լուծումը:

 

Վարժարանն իրականացնում է հանրակրթության 3-րդ աստիճանի /ավագ դպրոցի՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ/ պետական, ինչպես նաև ռազմամարզական թեքումով մասնագիտացված այլ կրթական ծրագրեր:

Վարժարանում կրթության տևողությունը 3 տարի է:

Որոշման նախագծի ընդունման նպատակն է առավել խթանել մատաղ սերնդի ռազմամարզական կրթության շուրջ 20 տարվա փորձ ունեցող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը՝ ապահովելով նրա ինքնավարությունը կրթական, կառավարման և ֆինանսատնտեսական ուղղություններով: Վարժարանը ներկայումս գործում է ՀՀ պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակով, ինչը հնարավորություն չի ընձեռնում ծավալել և ընդլայնել կառավարման ու ֆինանսատնտեսական առավել արդյունավետ մասշտաբներ: Ներկա դրությամբ սովորողների թվի նվազման պարագայում պետական սահմանափակ միջոցները, շահառուների և գործընկերների շրջանակը ընտրելու հնարավորության բացակայությունն որոշակի ազդեցություն են թողնում կրթական գործընթացի արդյունավետության վրա: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Դիլիջանում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնին պատկանող անշարժ և շարժական գույք, որի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի այն կառավարվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ