21  07  2017

«Լույս» հիմնադրամի աշխատանքների ռազմավարությունը կփոխվի

«Լույս» հիմնադրամի աշխատանքների ռազմավարությունը կփոխվի

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները և փորձառությունն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ առաջին ձեռնարկումներն ու հաջողությունները:

Նախագահը բարձրագույն ուսումնական հաստատություններ նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը. 2017-2018թթ. կրթաթոշակի արժանացել է աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանող: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել բարի երթ և հաջողություններ ուսումնառության մեջ:

«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում:

 

«Արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ: Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք, որ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-ից 12 մրցանակ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է, օրինակ՝ Թուրքիան` 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ կարծում եմ, որ դա ուղղակի մեր երեխաների, մեր դպրոցականների փայլուն ձեռքբերումներից մեկն է:

 

Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր «ԹՈՒՄՈ» կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի: Սա, իրոք, ձեռքբերում է, և ուզում եմ նաև ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, որովհետև այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետև այսպիսի ձեռքբերումները եթե լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար՝ համագործակցելու Հայաստանի հետ:

Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել «Լույս» հիմնադրամի շահառուների առաջ: Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք «Լույս» հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնենք, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը և մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին: Իհարկե, ես չեմ ուզում այստեղ այժմ քննարկենք այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, և դա կլինի ևս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ «Լույս» հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը:

 

Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ