24  12  2016

Արմեն Մուրադյանը՝ բժշկական համալսարանի ռեկտոր

Արմեն Մուրադյանը՝ բժշկական համալսարանի ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դեկտեմբերի 24-ին, կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը, որտեղ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը:

Ռեկտորի միակ թեկնածուն հակիրճ ներկայացրել է բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանել խորհրդի անդամների հարցերին:

Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էր 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները և գիտությունը։

Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։ Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլև նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային և որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկանում։ Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանացնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաև ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։

Կարևորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։

Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուդը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Մուրադյանն ընտրվել է 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այսպիսով, Բշկական համալսարանն ընտրել է 22-րդ ռեկտորին:

Արմեն Մուրադյանը պաշտոնավարում է նոյեմբերի 4-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ