11  10  2016

Կարեն Կարապետյանի դիլեման

Կարեն Կարապետյանի դիլեման

ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ արդեն խոսել է ԱԺ ամբիոնից: Առաջին անգամ պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց, որ կլինի անկեղծ՝ ՀՀ տնտեսության վիճակը շատ վատ է: Երկրորդ անգամ՝ երեք շաբաթ անց, դարձյալ պատգամավորների հարցերին պատասխանելիս, ասաց. «Պայմանանավորվել էինք, չէ՞ անկեղծ խոսել: Չգիտեմ»: Պատգամավորի հարցը վերաբերում էր վարչապետի կադրային ազնիվ քաղաքականությանը, գործին ու երկրին նվիրված կադրեր նշանակելուն:

Կարեն Կարապետյանը նախորդ վարչապետներից այս պահին տարբերվում է անկեղծությամբ: Ամեն դեպքում, վերջին երկուսն ունեցել են անկեղծության պակաս ՝ բացակայության աստիճանի:

Ավելի լավ է տղամարդավարի ասել՝ ժողովուրդ, նավը, որի վրա մենք ընթանում ենք արդեն մի քանի հազարամյակ, խորտակվում է, քան ասել, թե՝ սիրելի ժողովուրդ, մեր առջև բացվել են նոր օվկիանոսներ, երբ ջուրն արդեն բերանդ է լցվում:

Անկեղծությունը թեև լավ բան է, բայց հարց է առաջանում՝ մինչև ո՞ւր կհասնի Կարեն Կարապետյանն այս հարցում:

Հայաստանում խնդիրների խնդիրը կիսաճշմարտություններն են, որոնք արդեն մեր գոյությանը սպառնում են: Որպեսզի ամբողջությամբ իրականությունը պարզ դառնա, պետք է ամբողջ ճշմարտությունն ասել, ընկնել պատճառների հետևից: Եթե որոշեցիր պատճառների հետևից չգնալ, ամբողջ կյանքում զբաղված ես լինելու հետևանքները վերացնելով:

Անկեղծ լինել՝ նշանակում է, օրինակ` մերժել մինչ այս ունեցած պետական կառավարման վիճակագրական-հաշվարկային համակարգը: Պաշտոնական վիճակագրությանը քաղաքացիները սովոր են չվստահել: Դեռ Մարկ Տվենն էր ասում ստի երեք տարբերակների մասին՝ սուտ, լկտի սուտ և վիճակագրություն:

Իմ գնահատմամբ՝ մեզանում վիճակագրությունը լկտիությունից մի փոքր էլ այն կողմ է: Ազգային վիճակագրական ծառայության թվերին միշտ կասկածով եմ վերաբերել, թե լավ, թե վատ. լավի դեպքում համարել եմ չափազանցություն, վատի դեպքում՝ չափից ավելի մեղմացում, և իրականությունը հիմնավորել է իմ տեսակետը:

Անկեղծության պարագայում վարչապետը պետք է այս ամենը վեր հանի և արդեն գործի նոր էջից՝ սև և սպիտակ ծրարներն իրար խառնելով և միայն մաքուր թվերը ներկայացնելով` թե մեզ, թե իր թիմին: Չէ՞ որ եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է տիրապետես իրական վիճակին, իրական թվերին, առհասարակ` իրականությանը: Մանրակրկիտ քննել հաշվետվությունը՝ տարեկան 4 տոկոս տնտեսական աճից մինչև հեկտարից 65 տոննա կարտոֆիլ: Պետք է բացատրել մարդկանց, որ 4 տոկոս տնտեսական աճը քեզ վրա չես զգացել, որովհետև դա մանիպուլյատիվ էր:

Տնտեսությունը հայտնվում է ծանր վիճակում, մենաշնորհները խեղդում են մեզ, բայց էկոնոմիկայի նախարարն ասում է, որ մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս: Ամեն տարի 40 հազարից ավելի մարդ գնում է  երկրից ու չի գալիս, դրանց կեսից ավելին՝ գյուղացիներ, իսկ գյուղնախարարությունը ֆիքսում է մշակովի հողատարածքների շեշտակի ավելացում:

Մենք խոսում ենք տնտեսության վատացման մասին, պարբերաբար անում ենք հարցումներ հանրության տարբեր խմբերի միջև, ՓՄ գործարարության շրջանում, որի արդյունքում տեղեկանում բոլոր ոլորտներում ամեն տարի գրանցվող անկումների մասին, բայց ահա զբոսաշրջության վարչությունը բերում է թվի աճ, վերջին 5 տարիների կտրվածքով՝ շուրջ 9 տոկոս, ներքին զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը` 14.5 տոկոս: Չնայած որ տուրիզմի, առևտրի և այլ ոլորտների գործարարները շարունակ փաստում են  իրենց՝ տարեցտարի վատթարացող բիզնեսի մասին, այդուհանդերձ մեր վիճակագրությունը փայլուն վիճակ է ցույց տալիս:

Վերադառնալով վարչապետին, ենթադրենք, թե Կարեն Կարապետյանն իրոք ուզում է մեր տնտեսությանը զարկ տալ, բոլոր ոլորտները ազատականացնել, մենաշնորհները վերացնել, հարկային և մաքսային ռեկետը վերացնելով՝ ստեղծել բիզնեսի համար բարենպաստ միջավայր և այս «ծանր, շատ ծանր» վիճակից հանել մեր տնտեսությունը: Նա առաջին հերթին պետք է բացառի թվանկարչությունը, բայց նաև պետք է հասկանա, որ դա անելուց հետո, այս տեսակի ցուցանիշներին դեռ երկար է ձգտելու, և կստացվի, որ մարդիկ աշխատում են օր ու գիշեր բայց, օրինակ, 2013-2014թթ արդյունքներից շատ հեռու են, որովհետև այդ ժամանակվա ցուցանիշերը անգամներով էին փոխված: Կամ կշարունակվի նախկինում ձևավորված ավանդույթը, և վարչապետին կգոհացնի ԱՎԾ տրամադրած՝ իրականության հետ աղերս չունեցող տուրիստների քանակն ու տնտեսական բացառիկ աճը… 

Մեզ պետք է անկեղծ խոսք, մաթեմատիկական թվերը ոչ թե ֆռռացնելու և մեզ խաբելու համար են, այլ՝ երբեմն ճշմարտությունը ներկայացնելու, որքան էլ այն ցավոտ լինի: 

Կարեն Կարապետյանին անկեղծությունը պետք է, թվային կախարդանքի տակից դուրս գալ կարողանալու և ամբողջական ճշմարտության լեզվով խոսելու համար… դե, գոնե ինքն իր հետ: Այդ ժամանակ և միայն այդպես կկարողանա տնտեսությունը հանել այս ծանր, շատ ծանր վիճակից, որի ծանրության աստիճանը մենք գիտեինք բավականին վաղուց, դեռ Տիգրան Սարգսյանի ժամանակներից:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ