18  05  2016

Օգնենք կառավարությանը. Մաս 3

Օգնենք կառավարությանը. Մաս 3

Հյուսիսային Կորեան վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 500 մլն դոլար է ծախսել երկրի առաջնորդի պաշտամունքի ամրապնդման համար։ Գումարը ծախսվել է կոթողների, խճանկարների, առաջնորդի արձանների, նրանց դրական գործունեության  ներկայացման համար:

Մեր կառավարության անդամներն իրենց արձանները դեռ չեն տեղադրում հանրապետությունում, բայց գործունեության ներկայացման համար հսկայական գումար են ծախսում: Միայն թե, եթե դրա նպատակը կառավարության փառաբանումն էր, արդյունքը վատ է ստացվում:

Ամեն տարի կառավարությունը 100 մլն դրամ է ծախսում սեփական գործունեության գնահատման համար: Իրականացվում է հարցում՝ 1500-ից ավելի մասնակիցների շրջանակներում: Վերջին գնահատումներից մեկի ժամանակ, օրինակ, հարցվածների 45 տոկոսն ասել էր, որ չի հավատում, թե կառավարությունը շահագրգռված է կոռուպցիան վերացնելու հարցում, մյուս մասը կասկած էր հայտնել, և միայն մի քանիսն էին, որ հավատացել էին: Հարցվածների կեսից ավելին ասել էր, որ չի հավատում կառավարության քայլերին, նաև՝ որ երկիրը գնում է սխալ ուղով: Հարցին, թե կառավարության ամենաարդյունավետ քայլը վերջին մեկ տարվա ընթացքում ո՞րն  է եղել, 58.9 տոկոսը պատասխանել է՝ ոչ մի: Փաստորեն, ամեն տարի 100 մլն դրամ է ծախսում կառավարությունը՝ համոզվելու համար, որ ժողովուրդը իրեն չի վստահում: Առաջարկում ենք այդ գումարը տնտեսել:

Ամեն տարի պետական բյուջեով մոտ 300 մլն դրամ է հատկացվում գյուղացիությանը՝ խորհրդատվությունների համար: Գյուղոլորտի մասնագետները գյուղացիներին խորհուրդ են տալիս, թե ինչպես ցանեն կարտոֆիլը, ինչպես ջրեն խաղողը, ինչպես էտեն ծիրանը և այլն: Արդյունքում գրեթե ամեն տարի երաշտը, ցրտահարությունը, կարկուտն ու հեղեղները սրբում-տանում են խորհուրդները: Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, բացի այդ՝ գյուղացին ինքը շատ լավ գիտի՝ ինչից որքան ու ինչպես մշակել:

Այնպես որ, ամեն տարի պետբյուջեով հատկացվող մի քանի հարյուր միլիոն դրամը կարելի է տնտեսել: Իսկ եթե ազգին օգնել ցանկացող կառավարական խորհրդատուների գլուխը ցավում է խորհուրդների ցանկությունից, կարող են այդ բանն անել անվճար, ինչպես որ, օրինակ, անում էր Տիգրան Սարգսյանը՝ կով կթելու մասին: 

Խորհրդատվություն, պարզվում է, միայն մեր մասնագետները չեն տալիս: Ըստ վերահսկիչ պալատի՝ Զիմբաբվեում գրանցված մի ընկերության ՀՀ պետբյուջեից  292 հազար դոլար են տվել, որ հայերին սովորեցնի ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ։

Կարծում ենք, որ տարատեսակ խորհրդատվություններից հնարավոր է մի քանի միլիարդ դրամ տնտեսել՝ ամեն տարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ