14  05  2016

Օգնենք կառավարությանը. Մաս 2

Օգնենք կառավարությանը. Մաս 2

ՀՀ նոր սահմանադրության նախագծում նշված էր, որ ՀՀ նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Քանի որ նոր սահմանադրությունը ՀՅԴ-ի սրտով էր, ու մինչև հանրաքվեն էլ խոսվում էր կոալիցիայի հնարավորության մասին, հասկանալի դարձավ, որ նոր պաշտոնաբաշխման և հետևաբար՝ նոր պաշտոնների խնդիր է առաջանալու: Սահմանադրության տեքստից նախարարությունների թվի սահմանափակումը հանվեց, և կառավարությունը դարձավ «բեզռազմեր»:

Կարծում ենք, վարչապետի՝ գոտիները ձգելու, անիմաստ ծախսերից ազատվելու և  օպտիմալացումների շարք սկսելու հայտարարության առաջին հետևանքը կարող է լինել անհասկանալի դեր ունեցող հետևյալ նախարարությունների լուծարումը

 

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Այս նախարարությունն ունի ոչ մեծ կառուցվածք՝ նախարար, տեղակալ՝ «առաջին տեղակալ» պաշտոնով (սա ենթադրում է, որ պետք է լինի նաև երկրորդ, գուցե՝ երրորդ տեղակալ, սակայն նման հաստիքներ չկան), մեկ խորհրդական՝ գլխավոր խորհրդական պաշտոնական անվանումով, մեկ օգնական՝ առաջին օգնական պաշտոնով և մի քանի այլ պաշտոններ: Միայն տարածքի համար նախարարությունը վճարում է ամսական 2 մլն դրամ վարձ: Նախարարության իմաստն անհասկանալի է, քանի որ մենք միջազգային տնտեսական ինտեգրման մեջ ենք մեկ կառույցի հետ, և հարաբերությունները կարգավորվում են ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների միջոցով: Եթե նախարարությունն իրականացներ երկրում բարեփոխումներ, ինչպես նշված է անվան մեջ, գուցե արդարացված լիներ գոյությունը:

 

Սփյուռքի նախարարություն

Ընթերցողը կհամաձայնի, որ Հայաստանում բոլորովին ավելորդություն է սփյուռքի նախարարություն ունենալը. այն կարող էր լինել մի սովորական բաժին ԱԳ նախարարությունում: Օրինակ՝ կրթության նախարարությունում կա Սփյուռքի բաժին, որը լուծում է սփյուռքահայերի կրթության խնդիրները: Սփյուռքը Հայաստանի կյանքին բոլորովին ներգրավված չէ, բացի գումար հանգանակելու դեպքերից: Սփյուռքի նախարարությունն ունի «գլխից դուրս» աշխատակազմ, բազմաթիվ քաղծառայողներ, այնքան աշխատող, որ սենյակները չեն բավականացնում նրանց տեղավորելու համար: Գործունեությունն անհասկանալի է:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Այս կառույցը, ինչպես գիտենք, 2014թ. միավորվեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ արդյունավետ կառավարման հիմքով: Հետո բաժանվեց՝ կոալիցիոն նպատակահարմարություններից ելնելով: Հայաստանում սա դարձավ հերթական կառույցը, որը ստեղծվում է ոչ թե երկրի կյանքում խնդիր լուծելու, այլ՝ մարդկանց աշխատանքով ու պաշտոնով ապահովելու համար: Ստացվում է՝ ունենք նախարարություններ՝ թե բարեփոխումների, թե զարգացման համար, բայց ոչ զարգանում ենք, ոչ էլ բարեփոխվում:

  

Շարունակելի …  

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ