09  02  2018

Հայկական ավիացիայի «աքիլեսյան գարշապարը»

Հայկական ավիացիայի «աքիլեսյան գարշապարը»

Փետրվարի 7-ին կառավարությունում քննարկվել են քաղավիացիայի գլխավոր վարչության ծրագրերն ու անելիքները: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումներն իրականացվել են և նոր հանձնարարականներ ստացել, այն է՝ ավիաչվերթերի ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման նպաստում: Այն կզարգանա Մեղրու ուղղությամբ, քանի որ ունենք ազատ տնտեսական գոտի (թե ինչպես են աշխատում ազատ տնտեսական գոտիները, մենք անդրադարձել ենք, որին կարող եք ծանոթանալ այստեղ):

Վարչապետի հիմնական հանձնարարականը՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: 

Այս հանձնարարականը վարչապետ Կարապետյանին պետք է որ հասած չլիներ, որովհետև տրվել էր դեռ իր նախորդների՝ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի կողմից: Ավելին, քաղաքականություն էր փոխվել 2013թ-ից, որ այդ նպատակները իրականանային՝ ունենաինք էժան փոխադրողներ, աշխարագրությունը մեծանար, թռիչքների ժամերը հարմար լինեին և այլն:

2013 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը Բաց երկնքի քաղաքականություն էր որդեգրում, հայտարարվում էր, որ դա կբերի շուկայում նոր ընկերությունների մուտքի, աշխարհագրության մեծացման: Վարչապետ Կարապետյանի այժմյան հանձնարարականները կային դեռ Բաց երկնքի քաղաքականության ներդրման ծրագրային հիմքում:

Իսկ ի՞նչ ունենք այժմ. Գյումրու Շիրակ օդանավակայանից այսօր թռչում են միայն մեկ ուղղությամբ՝ ՌԴ, Իսկ Զվարթնոց օդանավակայանի թռիչքների կեսից ավելին ՌԴ է, Ղազախստան, հարևան Իրան, Վրաստան՝ բոլորն էլ բավականին թանկ: Եվրոպական ուղղություններից մի քանիսն են՝ Վիեննա, Փարիզ, մեկ մեկ՝ Վարշավա, Ֆրանկֆուրտ:

Հայաստանցիները շարունակում են ավտոբուսներով գնալ Վրաստան, որտեղից էլ նոր գնալ ցանկալի ուղղությամբ, մանավանդ որ բազմաթիվ չվերթներ Հայաստանի համեմատ էժան են, անգամ՝ մինչև 300 դոլարով:

Ինչ վերաբերում է նոր ավիաընկերությունների՝ շուկա մուտքին, այստեղ էլ պետք է փաստենք, որ եթե Աստանայից, Թել Ավիվից, Մինսկից մուտքեր ունենք, ապա զուգահեռաբար ունենք փոխադրողների կորուստներ՝ լեհական, չեխական, ռուսական, արաբական ընկերությունների հաշվին: Նրանց մի մասը, օրինակ՝ արաբական «Էթիհադ» ազգային ավիաընկերությունը, գոյատևեց ընդամենը մեկ տարի:

Ամենացավոտ խնդիրներից մեկը, որը, սակայն, լուծում չի ստանա, գիշերային թռիչքների հարցն է, որը մեզանում ստացել է «նեգրի ռեյս» անունը:

Կառավարության 2015թ. հուլիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ-ին առաջարկեց Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան` թե գների, թե ուղղությունների և թե թռիչքների ժամկետների ու պայմանների ուղղությամբ: Վարչապետը դժգոհեց, որ չվերթները հիմնականում գիշերային ժամերին են: Հաջորդ օրը կառավարությունում խորհրդակցություն անցկացվեց «բաց երկնքի» իրավիճակի մասին: Ապա խորհրդակցություններ անցկացրին քաղավիացիայի վարչությունն ու էկոնոմիկայի նախարարությունը: Արդյունքում էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը մեզ ասաց, թե աշխարհում կա վաղուց ձևավորված համակարգ, և ավիաընկերություններին պարտադրելով, որպեսզի ուղևորափոխադրումների ժամերը տեղափոխեն ցերեկայինի, մենք հնարավոր է որոշ ավիաընկերություններ կորցնենք:

Բայց խնդրի շուրջ դեռ այն ժամանակվանից կարծքներ էին հնչում, որ չի լուծվելու, մատնանշվում էին պատճառները՝ բաց երկնքի երկիր չենք մենք, մենք պետք է ունենանք ազգային փոխադրող, և մեր փոխադրողին օգնենք, խրախուսենք, սուբսիդավորենք և այլն, որ մեզ մոտել տուրիստ գա ինքնաթիռով, այլ ոչ միայն մեքենաներով՝ Իրանից և Ռուսաստանից:

Բնական է, որ այս խնդիրներն ազդում են Հայաստանի տնտեսության վրա, ունենում ենք ոչ միայն ուղևորի, այլև զբոսաշրջիկի կորուստ, որոնց կորցնում ենք նաև ուղիղ չվերթների բացակայության պայմաններում: Վստահաբար, քիչ չեն դեպքերը, երբ զբոսաշրջիկը թանկ տոմսով և տարանցիկ ուղով Հայաստան հասնելու փոխարեն մնում է Թբիլիսիում և հսնգիստը Վրաստանում կազմակերպում, ինչն ավելի մատչելի է: Իսկ մեզ մոտ խնդիրների լուծման փոխարեն քննարկումներ են, խորհրդակցություններ, սեմինարներ, հանձնարարականներ: Իսկ վերջում էլ զեկուցվում է, որ կատարվել են բոլոր ծրագրերն ու հանձնարարականները, ի միջի այլոց՝ աճով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ