18  07  2017

Պաշտոնական լեզուն և մեր արժանապատվությունը

Պաշտոնական լեզուն և մեր արժանապատվությունը

Հայաստանում ազգային-քաղաքական կրքերը եռում են. Բոլորը հարկ են համարում քննադատել Ռուսաստանին՝ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի կապակցությամբ: Նա Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքները ճանաչելու համար առաջարկում է Հայաստանում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին Պետդուման օրենք ընդունեց, որի համաձայն՝ Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

Հուլիսի 17-ին ՌԴ այցի ժամանակ հարցը բարձրացրեց Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ստացավ արդեն հիշատակած պատասխանը:

Բաբլոյանը Վոլոդինի «պորտը տեղն է դրել»՝ ասելով. «Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է վարորդության համար»։

Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, հնչում են տարբեր առաջարկներ՝ կապերը խզելուց, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալուց մինչև հենց Ռուսաստանում հայերենի՝ պետական լեզվի հռչակում: Մի մասն էլ մեզ է մեղադրում, որ մինչ այս ռուսերեն շատ ենք խոսել, միջոցառումները չենք թարգմանում և այլն:

Որպես ահասարսուռ վերջակետային սկզբունք, ԱԺ փոխխոսնակն էլ հատուկ ռուսներին հիշեցրեց, որ Հայաստանում պետկան լեզուն հայերենն է:

Բոլորդ էլ ճիշտ եք, բացի, իհարկե, ՌԴ հանդուգն պաշտոնյայից: Բայց կարելի է մի պահ նայել հենց այդ պաշտոնյայի տեսանկյունից: Ռուսաստանն ինչո՞ւ է նման առաջարկ անում:

Ռուսաստանում ավելի շատ հայ աշխատում է, քան ապրում է Հայաստանում: Երբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ողջ ռուսաստանաբնակ հայերի կողմից պաշտպանում էր Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, Պուտինը հարցնում է, թե որքա՞ն հայ է բնակվում Ռուսաստանում: Պատասխանում է՝ 2.5 մլն: Որքա՞ն է բնակվում Հայաստանում: Աբրահամյանն էլ, թե՝ քիչ ավելի: Պուտինն ուղղում է՝ «ավելի քիչ»:

Իր նախագահած երկրում ավելի շատ հայ է բնակվում, քան Հայաստանում: Ուրեմն կարո՞ղ է մի բան էլ ինքը առաջարկել, թե՝ ոչ:

Միայն նախորդ Հայաստանում 1000 վարորդ ազատվեց աշխատանքից: Ես ճանաչում էի հազարից 11-ին: 9-ը գնացել են ՌԴ՝ ավտո քշելու:

Դուրս է գալիս, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ իր քաղաքացին Հայաստանից դուրս աշխատանք գտնի, քանի որ ինքն ապաշնորհ է այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում:

Իսկ Ռուսաստանը բազմաթիվ օրենքներ է ընդունում, որոնք տարբեր մակարդակներում խոչընդոտում էն իր երկրում աշխատող այլազգիների աշխատանքը:

Վարորդական իրավունքի սահմանափակումն օրենքներից միայն մեկն է:

2015-ին օրենք ընդունեց, որ ոչ իրենց մասնագիտությամբ աշխատող միգրանտներին կարող են արտաքսել երկրից: 2014-ի օրենքով ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը եռակի ավելացավ, 2015-ի մեկ այլ օրենքով աշխատանքային վայրում միգանտները պարտավոր են խոսել ռուսերենով, 2013թ. հոկտեմբերից միգրանտներին արգելվեց աշխատել շուկաներում եւ բանջարեղենային բազաներում:

Նման մոտ 20 սահմանափակող օրենքներ մենք գիտենք, որոնք ընդունվել են 2015-17 թվականներին:

Մեր իշխանությունները բացի հայտարարություններից, թե դա ռազմավարական գործընկեր Հայաստանին չի վերաբերում, ուրիշ ոչնչով զբաղված չեն:

Ռուսաստանն էլ իր տարածքում պարբերաբար սահմանափակումներ մտցնելուց հետո հիմա էլ սահմանափակումներ է բերում Հայաստան:

2014 թվականի փետրվարի 5-ին Դաշնային միգրացիոն ծառայությունն արգելեց ավելի քան 600 հազար օտարերկրացու մուտքը երկիր, որոնք անօրինական աշխատողներ էին: Դրանց մի մասը հայեր էին: Մի քանի անգամ բողոքի ցույց արեցին կառավարության դիմաց, հետո Հայաստանի միգրացիոն ծառայությունը ձեռուոտ ընկավ, բազմաթիվ խնդրագրեր ուղարկեց, մինչև մի քանի հազարի արգելքն իրոք հանեցին: Մենք ամեն ինչ արեցինք, որ այդ մարդիկ օր ավելի չմնան Հայաստանում:

Կառավարության վերջին նիստից հետո երբ կրթության և գիտության նախարարին հարցրին, թե ինչո՞ւ են դպրոցի ավարտական վկայականները նաև ռուսերենով, պատասխանեց՝ մեկ է վերջում մեծ մասը ՌԴ աշխատանքի է գնում: Այսինքն, մենք դպրոցում 12 տարի նրանց պատրաստում ենք արտագնա աշխատանքի՞, օրինակ՝ Սիբիրում ասֆալտ փռելո՞ւ:

Երբ դու չես կարողանում քո երկրում բավականաչափ աշխատատեղեր ստեղծես կամ ապահովես այն միջավայրը ուր այդ աշխատատեղերը կստեղծեն գործարարները , քո բնակչությունը հաց է փնտրում այլ երկրում, ապահովում ընտանիքի գոյությունը, բնական է, որ գործատու երկիրն էլ կարող է առաջարկել նման տասնյակ բաներ:

Ո՞վ չգիտի, որ այս առաջարկը զուտ վարորդական իրավունքների համար չէ: Սա կոնկրետ քաղաքականություն է:

Որ մենք՝ քաղաքացիներս, դժգոհում ենք Ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարության կապակցությամբ, հասկանալի է: Բայց հասկանալի չէ իշխանության ներկայացուցիչների հոխորտանքը: Նվաստացուցիչ չէ՞ր «Համերկրացիներ» ծրագիրը, որը Սիբիրը բնակեցրեց Շիրակի մարզի հաշվին:

Ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում՝ բարեկամությունը, առավել ևս՝ ռուսական բարեկամությունը:

Մենք պետք է ունենանք արժանապատվություն, մեր ներսում: Այս պահին այդ «մենք»-ն այսօրվա իշխանությունն է: Ժողովրդի արժանապատվությունն իշխանության արժանապատվությունից է կախված:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ