10  04  2017

«Իշխանությունում» իրավիճակը փոխվել է

«Իշխանությունում» իրավիճակը փոխվել է

Արդեն փաստ է` խորհրդարանական ընտրություններում իշխանության հաղթանակի առաջամարտիկները ռեյտինգային թեկնածուներն էին, մի տեղում՝ տարածքի համար անվիճելի հեղինակություն, մի դեպքում՝  փողատեր, մի դեպքում՝ քրեական տարր, թաղի խուժան, հաջողակ գործարար և այլք:

Նրանք մեզ հայտնի զանազան ճանապարհներով ընտրվեցին ու ապահովեցին իշխանության՝ առաջին փուլով հաղթանակը: 

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի քարոզարշավը հիմնականում վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին էր, որը ներկայանում էր բարեփոխչի կերպարով և վստահեցնում, որ ՀՀԿ-ն ու երկիրը կտրուկ փոխվելու են: Վերևում նշածս տեսակի հերոսներին հարթակում կանգնելը կարծես թե արգելված էր, և նրանք «անհատական աշխատանք» էին կատարում ընտրողների հետ: Արդյունքում հենց նրանք կարողացան հսկայական ձայներ ապահովել: Թևավոր խոսք կա, որ ներկա արատավոր համակարգում եթե Հռոմի պապը թեկնածություն դնի հայաստանյան որևէ օլիգարխի դեմ, անպայման պարտվելու է: Ու այս անգամ ևս դրության տերը նրանք էին, չնայած նոր սահմանադրության գովերգողների հավաստիացումներին, թե կուսակցությունների գաղափարների պայքարի սկիզբ է դրվում: 

Խոսենք օրինակներով. ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը ստացել է 45 հազար ձայն, Տաշիրի Կարեն Կարապետյանը և Սամվել Ալեքսանյանը՝ 42 հազարական, Տարոն Մարգարյանի փեսա Ռոբերտ Սարգսյանը՝ 27 հազար: Այս մարդիկ և մնացած ռեյտինգային թեկնածուները միասին ՀՀԿ-ին ապահովեցին 740 հազար ձայն, ռեյտինգայիններից դուրս, ՀՀԿ-ն՝ համամասնական թեկնածուներով կամ ոչ թեկնածուներով հանդերձ, հավաքել է ընդամենը 30 հազար ձայն: Ընդհանուր՝ 770 հազար ձայն: 

ՀՀԿ-ն բարեփոխված դեմքը, այն է՝ վարչապետ Կարապետյանը՝ որպես նոր դեմք-վարչապետի թեկնածու, երիտասարդացված ցուցակը, հիմնականում ռեյտինգայինների հակապատկերներն էին: Մի պահ պատկերացնենք, որ ընտրողը ոգևորված գնացել և ուզում է ձայնը տալ փոփոխված ՀՀԿ-ին, դժվար թե թերթիկի հակառակ կողմում նշեր ռեյտինգայիններից որևէ մեկին, այնտեղ փոփոխված թեկնածուներ չկային: Գալիս է եզրակացնելու մի միտք, որ չնայած «գելլափյան» 80 տոկոսանոց համակրանքին, Կարեն Կարապետյանը և երիտասարդացված ցուցակը պարտվեցին ՀՀԿ-ի մի շարք ռեյտինգայինով մասնակցած թեկնածուներին: 

Իհարկե, կարելի է հակառակվել, թե՝ մարդիկ ձայն տալու համար ընտրել են ՀՀԿ քվեաթերթիկը և քանի որ ընտրել են՝ նշել են նաև թեկնածուներից որևէ մեկին, բայց հաշվի առնելով որ ՀՀԿ բոլոր ռեյտինգայինների շտաբները անհատական աշխատանք են տարել ընտրողների հետ, ցուցակավորել են և այլ, նրանց հաստատ չենք կարող համոզել որ իրենց ձայները պատահական են ձևավորվել:

Այս ամենի մեկ ցայտուն օրինակ ևս. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ ոգևորություն է ապրում, որ իր քաղաքապետ որդին մի ամբողջ կուսակցության չափ ձայն է հավաքել: Բայց ստացվում է, որ իր որդին ավելի շատ է ձայն հավաքել, քան կուսակցությունը, որի փոխնախագահն էր մինչ վերջերս և իշխող էր համարվում: ՀՀԿ-ն, առանց ռեյտինգային համակարգի, հավաքել է նույնքան, որքան խորհրդարան չանցած մյուսները և ավելի քիչ՝ քան «Հայկական վերածնունդը» կամ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

Ստացվեց որ, ոչ թե ՀՀԿ-ն է ապահովել կոնկրետ թեկնածուների հաղթանակը, ինչը նախկինում հիմնականում այդպես էր, այլ կոնկրետ թեկնածուները՝ ՀՀԿ-ի շռնդալից հաղթանակը: Իսկ դա, արդեն, իրավիճակ է փոխում: 

Խորհրդարանական ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են մի շարք հանգամանքներով: Նախ դրանք միակն են և արդեն՝ նախագահական ընտրությնուններին հավասարազոր: Բացի այդ՝ սահմանադրական փոփոխություններով պատգամավորի ուսերին շատ ավելի մեծ բեռ է դրված, քան զուտ օրենսդրի աշխատանքը, նրանցից յուրաքանչյհուրը պետք է գիտակցի, որ կայացնելու է երկրի համար բախտորոշ որոշումներ: Բնականաբար, պատգամավորների մեջ էլ առավել իրավունքներ ունեն այն մարդիկ, որոնք իշխանության հաղթանակն են ապահովել:

Թեկնածուն, որը իշխանությանն ապահովել է 45 հազար ձայն, կարո՞ղ է հարկ եղած դեպքում մատ թափ տալ, թե՝ ես եմ ձեզ անցկացրել, ուրեմն իմ ասածով պետք է լինի: Իր ասածով կարող է նշանակվել վարչապետ, իր համաձայնությամբ՝ նախարար, իր ազգականը՝ այլ բարձր պաշտոնի: 

Այսինքն, մարդիկ, որոնք խորհրդարանի աշխատանքներին չեն մասնակցում, մասնակցելիս երբևէ ձայն չեն հանում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, անունները կապվում է աղմկահարույց պատմությունների հետ և հիմնական աշխատանքը փող դիզելն է (դրա մի չնչին մասով ընտրողին կաշառելու և խորհրդարան անցնելու համար), պետք է այժմ լինեն պետության կառավարման ակունքներում, որովհետև, ինչպես փաստում են արդյունքները, հենց նրանք են ՀՀԿ-ին բերել իշխանության, ոչ թե հակառակը:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ