Ապրիլի 2-ին, ընտրությունների օրվա երկրորդ կեսին, հատկապես երեկոյան կողմ Հայաստանի երկինքը ճենճահոտով էր պատել: Ամենուր խորոված էին անում: Մոտալուտ հաղթանակից արբած իշխողները չէին: Հավի էժան բդի խանձահոտը ժողովուրդն էր երկինք հանում: Ուզում էին շուտ ազատվել փողից, որ վերցրել էին իրենց ձայնի դիմաց:
Ինչո՞ւ ժողովուրդը կրկին կաշառվեց, ինչո՞ւ բազմաթիվ ազդեցիկ կոչերն այնքան ուժ չունեցան, որ ժողովրդի մեծ մասն ականջալուր լիներ ու ձեռնպահ մնար ընտրակաշառքից: Որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միայնակ կառավարություն ձևավորել, բայց մեծահոգաբար կարող է մի քանի պորտֆել զիջել այլ ուժերի, անշուշտ երկրի զարգացման հեռանկարի իմաստով շատ վատ է: Բայց ընտրություններն այլ, առավել աղետալի երևույթ ի հայտ բերեցին: «Մի վաճառիր քո և քո երեխաների ապագան» կոչին ժողովուրդը չանսաց մի պարզ պատճառով: Չի հավատում, որ իր և իր երեխաների ապագան ընտրություններից է կախված:
Ինքան էլ ուզում եք կաշառաված մեծամասնությանը ռաբիս ու նսեմ, իր իշխանություններին արժանի, անմակարդակ, մեղսավոր, փոքրոգի, լյումպեն, նույնիսկ քաղաքականապես տգետ կոչենք, դրանից ոչինչ չի փոխվի: Սոցցանցերում ավելի դաժան որակումներ տրվեցին, ոմանք ոչխար ու նախիր կոչեցին ընտախաշառքը վերցրած ու հլու-հնազանդ նույն այն ժողովրդին, որը ճիշտ մեկ տարի առաջ աննախադեպ համախմբումով ու ինքնազոհողությամբ հիացրեց իր միջի ամենահոռետես մարդկանց անգամ: Այնպես որ ժողովուրդը երբեմն նախիր է, երբեմն հերոսական ազգ-բանակ: Նայած, թե ինչի ու ոնց ես տրամադրում:
Իշխողները շատ լավ գիտեին, որ ժողովրդի կես վճռականությունն արթնանում էր նախագահական ընտրությունների առիթով: Ըդդիմադիր այս կամ այն թեկնածուի օգտին միշտ քվերակվել է ի հեճուկս իշխանության և ոչ այնքան գործողին մրցակցի արժանիքների ու նրանց տարբերությունների տրամաբանությամբ: Այս իմաստով, շատ շահեկան էր այլևս չունենալ նախագահական ընտրություններ: Խորհրդարանականին ավելի հեշտ է մասսաներին կաշառասուն դարձնել: Հատկապես, որ ջնջված էր իշխանամետի, իշխանության կցորդի ու իրական ընդդիմության սահմանը: Գուցե և կային իսկապես այդպիսի ուժեր, որոնց հետ ժողովուրդը փոփոխության հույսեր կարող էր կապել, բայց նրանք չկարողացան այնպես համոզել այդ հարցում, որ փողը չգերադասվեր:
Իրականում, ժողովրդի մի հսկայական մասը թքած ունեցավ «Մի վաճառիր երեխաներիդ ապագան» կոչի վրա այն պարզ պատճառով, որ այլևս իր երեխաների ապագան չի կապում իր երկրի հետ: Նրանք ուղիներ են որոնում երկրից հեռանալու, և, ինչպես արդեն գնացածները, ապահով հեռավորությունից սիրելու հայրենիքը և մտահոգվելու նրա ճակատագրով:
Իսկ, եթե մտքինդ հեռանալն է՝ ամենաճշմարիտ ու ազդեցիկ կոչը քեզ պաթետիկ, անտեղի ու անիմաստ է թվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը