13  02  2017

Ո՞ւմ ձայնն է խորհրդարանում լինելու առավել ազդեցիկ

Ո՞ւմ ձայնն է խորհրդարանում լինելու առավել ազդեցիկ

Հայաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ռեյտինգային ընտրացուցակներ հայտնվեցին, հնարավորություն տվեց այս խորհրդարանին ևս ունենալ քրեական ու փողատեր տարրեր: Կերպարներ, որոնք հիմնականում կպահպանեն խորհրդարանի այսօրվա կիսաքրեական դեմքը:

Մեզ մշտապես ասում են, որ մեծամասնական կամ ռեյտինգային համակարգը խիստ կարևոր է, պետք է յուրաքանչյուր տարածք ունենա իր մեծամասնական դեպուտատը, որը կլսի մարդկանց և նրանց խնդիրները կբարձրաձայնի Ազգային ժողովում՝ նպաստելով նաև անհատական պրոբլեմների լուծմանը: Կա վիճակագրություն, որ այդ պատգամավորները խորհրդարան քիչ են գալիս, ելույթ չեն ունենում, օրենսդիր գործունեությամբ չեն զբաղվում: Մի խոսքով, նրանց խորհրդարանական գործունեությունը զրոյական էֆեկտ ունի, իսկ ընտրողների հետ հանդիպում են միայն ընտրությունների նախաշեմին՝ ընտրական ֆինանսական գործարքները կնքելու համար:

Այս ռեյտինգային համակարգը, սակայն, խիստ տարբերվում է մեծամասնականից:

Ապրիլի 2-ին ընտրողը, ձայն տալով որևէ կուսակցության, պարտավոր է ընտրել հենց այդ կուսակցության ռեյտինգային թեկնածուին: Այսինքն, եթե դու Արմավիրում ընտրել ես ՀՀԿ-ին, պարտավոր ես որպես մեծամասնականով ընտրվող պատգամավորի՝ ընտրել Առաքել Մովսիսյանին, Սեյրան Սարոյանին կամ ՀՀԿ-ից մեկ ուրիշի:

Սա վտանգավոր զարգացումներ է պարունակում:

Ի՞նչ էր ասում ՀՀԿ-ն մինչ այս. հայտարարում էր, որ համամասնական ցուցակը պետք է բաղկացած լինի քաղաքական դեմքերից, որոնք կուսակցության քաղաքական մասն են, իսկ մեծամասնական ցուցակը՝ հանրային, թաղային, ֆինանսական դեմքերից, որոնք, այսպես ասած՝ տեխնիկական ուժն են: Խորհրդարանում արդեն՝ այդ մեծամասնականով ընտրվածները հիմնականում կատարում են կոճակ սեղմողի դեր, իսկ ելույթները, օրենսդրական գործունեությունը, կուսակցական հարցերը բարձրացնում են համամասնականով ընտրված՝ քիչ թե շատ խելացի դեմքերը:

Այսօր ամեն ինչ խառնվելու է իրար, և հնարավոր չի լինելու հասկանալ, թե ո՞վ է կուսակցությանը ձայն բերողը՝ առաջին եռյա՞կը, Սերժ Սարգսյա՞նը, որը ղեկավարում է ՀՀԿ ցուցակը, թե՞, օրինակ, Առաքել Մովսիսյանը, որն առաջադրվել է Արմավիրի մարզում: Այսինքն, հնարավոր չի լինելու հասկանալ՝ ՀՀԿ-ն ձայն է տարել, որովհետև գաղափարական ո՞ւժ է, որովհետև լա՞վ է կառավարել երկիրը, որովհետև հզոր կուսակցությո՞ւն է, թե՞՝ որովհետև Առաքել Մովսիսյանին հարգում են, ընդունում, վախենում կամ փող են վերցրել: Կուսակցությունն ինքն իր ներսում չի կարող հասկանալ՝ ի վերջո, ու՞մ է ձայն տվել ընտրողը՝ ՀՀԿ-ի՞ն, թե՞ ռեյտինգային թեկնածուին: Եվ ռեյտինգային թեկնածուն խորհրդարանում կարող է մատ թափ տալ, թե՝ տես, ես քեզ բերել եմ խորհրդարան, ու ամեն ինչ լինելու է իմ ասածով:

Ի դեպ, ընտրողի քաղաքական կերպարը ևս կարող է չհասկացվել՝ ո՞ւմ է նա վստահել՝ փողատերի՞ն, քրեական ու մականունավոր տարրի՞ն, թե՞ հզոր ուժին, որի անունը կուսակցություն է: Իսկ որ առաջադրված որոշ թեկնածուներ կարող են անգամ 100 հազար դրամ տալ մեկ ձայնի համար, կասկած անգամ չկա:

Մինչ այս եղած մեծամասնական համակարգը, որին դեմ էին շատերը և պահանջում էին փոխել՝ դարձնելով 100 տոկոս համամասնական, գոնե հնարավորություն էր տալիս ընտրողին՝ ազատ ընտրության: Ես կարող էի ընտրել որևէ կուսակցության, որի գաղափարները ընդունում եմ, և որևէ թեկնածուի, որն իմ ընտրած կուսակցության անդամ չէ, բայց ցանկանում եմ, որ նա լինի խորհրդարանում: Հիմա ես՝ որպես ընտրող, կանգնած եմ երկընտրանքի առաջ, քանի որ թեկնածուն, որին ցանկանում եմ ընտրել, ներկայացնում է այն կուսակցությունը, որին չեմ ցանկանում ընտրել: Բայց ես պարտավոր եմ ընտրել նրանց՝ մեկ փաթեթում: Կեսկատակ -կեսլուրջ՝ ստացվում է նաև, որ փողով կողմնորոշվողներն առաջ ստանում էին գումար և թեկնածուից՝ անհատապես, և կուսակցությունից: Այժմ գումար են ստանալու մեկ տեղից:

Ի վերջո՝ ամենավտանգավորը. մտնում ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ, արդեն, որոշումները պետք է անցնեն կոլեգիալ կառավարման հիմքով: Լավ է, թե վատ՝ նախկինում բազմիցս անդրադարձել ենք: Բայց այստեղ վտանգավոր է, որ կարող է հենց այդ մականունավորի, քրեական ու թաղային հեղինակության խոսքը դառնալ ազդեցիկ, ինչը որ ամրագրված է ընտրական օրենսգրքում՝ «ռեյտինգային» կոչված ցուցակի տակ:

Ո՞րն է ավելի լավ՝ որոշումները միանձնյա կայացնի թեկուզ շատերի կողմից չընդունվող իշխանության լիդե՞րը՝ պատասխանատվություն ստանձնելով իր կայացրած որոշման համար, թե՞ մականունավորների, փողատերերի, քրեական կերպարների ու նաև՝ օրինավոր օրենսդիրների ամբողջությունը՝ անհասկանալի ու անդեմ պատասխանատվությամբ:

Մի խոսքով, խորհրդարանում կարող է լինել շիլա-շփոթ: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ