11  02  2017

Բախտի քմահաճույքին հանձնվածներս

Բախտի քմահաճույքին հանձնվածներս

Եթե կա մեկը, որ հասկանում է մեր պատգամավորների ու արտաքին քաղաքականությամբ զբաղվող նախարարության տրամաբանությունը, կարող է այդ առարկայի վճարովի դասընթացներ կազմակերպել: Այդ գործիչները համարյա ամեն ինչի արձագանքում են ժամանակավրեպ, ամեն ինչ անում են առանց մեզ հայտնի տրամաբանության ու աշխատում են ընդամենը ստաժի համար: Ինչպե՞ս է համալսարանի վերջին կուրսում, երբ դասի գնալու հավես չկա, նույն վիճակն է՝ արձակուրդային, ավարտական ու նախընտրական տրամադրություն:

Խորհրդարանը փետրվարի 8-ին եռում էր պատգամավորների աղմուկից, անդրադառնում էին բլոգեր Ալեքսանդր Լապշինին նախորդ օրը Բաքու արտահանձնելուն: Գոռում-գոչյուն էր, դոշ էին ծեծեում, թվում էր, թե նոր իմացան այդ մասին: ՀՀԿ-ն ամենաակտիվ բողոքողն էր. մեկն առաջարկում էր ՀԱՊԿ-ից հանել Բելառուսին, մյուսն առաջարկում էր Հայաստանը դուրս բերել Մաքսային միությունից, երրորդն՝ անհապաղ խորհրդարանի հայտարարություն ընդունել, մի պատգամավոր էլ առաջարկեց բողոքի ցույց անել Բելառուսի դեսպանատան դիմաց: Հետո որոշները շարժվեցին դեսպանատուն՝ ընդդեմ Լապշինի հանձնման: Հո բոլորն էլ գիտե՞ն, որ Լապշինին արդեն հանձնել են, ու Ադրբեջանը հետ չի տալու, ամեն դեպքում՝ առայժմ: Ուրեմն ինչո՞ւ այդպիսի դերասանություն:

Բլոգեր Լապշինին ձերբակալել են 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ երկու ամիս առաջ: Այդ ընթացքում մեր պատգամավորների ուշքումիտքը, հավանաբար, արձակուրդ գնալն էր, դրսում Ամանորը նշելը: Ու որևէ մեկը բողոքի ելույթ չունեցավ: Որևէ մեկը չասաց՝ սպասեք, աշխարհ, միջազգային մասշտաբի անարդարություն է տեղի ունենում, որևէ պատգամավոր չառաջարկեց գնալ Բելառուսի դեսպանատուն: Հասկանալի է՝ նոր էին ձերբակալել, պետք էր սպասել ու տեսնել՝ ինչ է լինում: Երբ Բելառուսի դատարանը որոշեց Լապշինին արտահանձնել, իսկ այդ երկրի նախագահն էլ դա համարեց նորմալ քայլ, դարձյալ մեր խորհրդարանականները որևէ ձայն չհանեցին: Իսկ երբ դրանից օրեր անց արդեն ուղարկեց, մենք սկսեցինք: Իշխանական պատգամավորներն անգամ շատ հետ գնացին ու հիշեցին, որ Բելառուսը սրանից առաջ էլ Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությունը մշակող հիմնարկին, ապա արտգործնախարարությունն այս օրերին ցույց տվեց, որ գոյություն ունի միայն խոսնակի մակարդակով, ով էլ մի թեթև դատապարտել էր ու հայտարարել. «Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։

Նախարար Էդվարդ Նալբանդյանը ստիպված եղավ արձագանքել խորհրդարանում, երբ պատգամավորները հարց ուղղեցին: Ասաց, որ ինքը ամոթալի է որակել հանձնումը: «Բայց պետք չէ սադրանքների տրվել եւ ջուր լցնել Բաքվի ջրաղացին։ Ադրբեջանը նման պահվածքով միայն ինքնամեկուսացման է գնում …»,– ասաց Նալբանդյանը։

Այսինքն, եթե մենք քննադատում ենք Բելառուսին և դատապարտում նրա ու Ադրբեջանի գործարքը, ընդամենը ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին: Սա էլ մեր կառավարական մտածելակերպը:

Վստահաբար, կարելի է չհամաձայնել ԱԳ նախարարի ու մյուսների այն հայտարարություններին, թե՝ Արցախ մարդկանց հոսքը չի դադարելու: Եթե զբոսաշրջիկը տեսնում է, որ Արցախից հետո երրորդ երկիր այցելելիս ապահով չէ, կարող է մի քանի տարով դատապարտվել, ու ինքն անպաշտպան է թե իր երկրի, թե Հայաստանի կողմից, ուրեմն ձեռնպահ կմնա Արցախ այցից: Ինքս տասնյակ անգամներ եղել եմ Արցախում, և եթե վաղը Բելառուսում, կամ մեկ այլ երկրում ինձ բռնեն և ատահանձնեն Ադրբեջան, ինչպես Հայաստանը ցույց տվեց, ոչինչ չի կարող անել: Ինչպես որ ոչինչ չարեցին Իսրայելն ու Ռուսաստանը:

Հայաստանից միայն քիչ թե շատ նորմալ քայլ արեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չեղյալ հայտարարելով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին 2017 թվականի մարտի 2-5-ը Բելառուսի Հանրապետություն գործուղելու որոշումը: Սակայն վարչապետը չնշեց չեղարկման պատճառը, և մնում է ընդամենը ենթադրել, որ գուցե սա բողոքի արտահայտություն է: Միայն հստակ մերժում տվեց գեներալ Կոմանդոսը՝ Արցախ այցելած լինելու պատճառով մերժելով բելառուսների հրավերը:

Հայաստանի պաշտոնական դիվանագիտությունը վախկոտ է: Եվ քանի որ այդպիսինն է, բելառուսական կողմից էլ Հայաստանի դժգոհություններին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով՝ հայտարարելով. «Հայկական խորհրդարանում հնչող հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, ուղղակի էմոցիաներ են»։

Ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն Արցախ է այցելել Լապշինից ընդամենը մեկ անգամ ավելի: Էդվարդ Նալբանդյանը պաշտոնավարման 9 տարիների ընթացքում Արցախ է այցելել ընդամենը երեք անգամ, ընդ որում՝ վերջին անգամը 2013 թվականին:

Խնդիրն այն է, որ մեր այս անհասկանալի կեցվածքն արտահայտվում է այլ հարցերում ևս:

Թուրքիայի խորհրդարանում բացառիկ հայրենասիրությամբ է աչքի ընկնում հայ պատգմավոր Կարո Փայլանը: Նա առիթը բաց չի թողնում խոսելու Հայոց ցեղասպանության մասին և պետության ամենաբարձր ամբիոնից դատապարտելու: Փայլանի կյանքը Թուրքիայում ռեալ վտանգի տակ է: Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքը դիմել է իր ղեկավարությանը՝ կոչ անելով ազդել Թուրքիայի ղեկավարության վրա, որ մեր հայրենակիցը պաշտպանված լինի:

Հայաստանից ոչ մի խոսք: Ավելին, Հայաստանի խորհրդարանում առաջարկում են Կարո Փայլանին պաշտոնապես հրավիրել մեր Ազգային ժողով՝ ելույթ ունենալու: Այս ամենն առաջարկում են անել՝ ի նշան նրան զորակցության: Եվ ի՞նչ է պատասխանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Պետք է տեսնենք` ձեռք տալի՞ս է նրա այցը Հայաստան…»:

Մեզանից ավելի հայասեր դուրս եկավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով աջակցությունն հայտնեց Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգված են աշխարհում և հայտարարեց, որ պատրաստվում է քաղաքի մեդալը հանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորին:

Մենք ձայն չենք հանում, ասում ենք՝ աշխարհը տեսնում է, վախենում ենք կամ թույլ չեն տալիս: Ամեն դեպքում, սա ազատ, ինքնիշխան, սեփականատեր ու պահանջատեր երկրի խորհրդարանի ու կառավարության պահվածք չէ: Մենք բախտի քմահաճույքին ենք թողնում նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ