01  12  2016

10 կետ` նախագահի ելույթից

10 կետ` նախագահի ելույթից

ՀՀԿ 16-րդ համագումարում ելույթում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի տնտեսական կյանքին անդրադառնալիս բերեց թվեր, որոնք մի մասով բնավ չեն արտահայտում Հայաստանի տնտեսական վիճակը, մի մասով թերի են, մի մասով էլ՝ չհիմնավորված:

Նախագահի ելույթում տեղ գտած ցուցանիշների հետ, վստահաբար, չհամաձայնվողներ կային, հատկապես՝ մասնագիտական դաշտում: Սակայն լուրջ արձագանք չհնչեց, հավանաբար՝ որովհետև այն, ինչ կարելի է գրել, գիտեն բոլորը: Արձագանքի բացակայության պատճառն էլ հիմք տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ վստահ լինել թվերի ճշմարտացիության մեջ: «Համագումարից հետո երրորդ օրը դեռ չեմ տեսել որևէ վերլուծություն, որը խորքային ձևով և բովանդակությամբ հարցականի տակ կդնի նախագահի ելույթի տնտեսական հատվածի վերլուծությունը»,- հայտարարեց նա:

Բերենք ընդամենը մի քանի թիվ՝ պարզ թվային համադրություն, այլ ոչ՝ տնտեսագիտական վերլուծություն, որոնք պարզ կդարձնեն իրականության հետ տարբերությունները: 

Նախ՝ մի ճշտում. Սերժ Սարգսյանը Հայաստանը ղեկավարում է 2008 թվականից, երբ արդեն այդ տարվա տնտեսական ուղղությունը կանխորոշված էր: Ուստի, կարծում ենք, ավելի ազնիվ կլինի հաշվարկները սկսել 2009 թվականից: 2007 թվականից հաշվարկն անելու տրամաբանությունը հասկանալի է. այդ և հաջորդ տարի բազմաթիվ տնտեսական ցուցանիշներում Հայաստանն առաջընթաց ուներ, որոնք, ընդհանուր հաշվի մեջ, կարող են մեղմացնել այսօրվա տխուր պատկերը: Ինչևէ, անցնենք առաջ. 

  1. Հատված ելույթից. «2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ»։

    Իրականություն.

    2009 թվականին ունեցել ենք -14.1 տոկոս անկում, 2010-ին՝ 2.2 տոկոս աճ, որը նշանակում է աճ արդեն 2009-ի ցուցանիշների նկատմամբ, և հետևաբար՝ 2010-ին ունեցել ենք շարունակաբար անկում արձանագրած վիճակ -11.9 տոկոսով՝ 2008-ի համեմատ: 2011-ին աճը եղել է 4.7 տոկոս, հաջորդ տարիներին՝ 7.2, 3.5, 3.4, 3.1 տոկոս: 2016-ին կանխատեսվում է 1.8 տոկոս:

    Եվս մեկ ճշտում. իրականում եթե երկրի տնտեսական աճը 2012 թվականին եղել է 7.2 տոկոս, 2013 թվականին՝ 3.5 տոկոս, ուրեմն նախորդ տարվա նկատմամբ  ունեցել է 3.7 տոկոս տնտեսական աճի դանդաղում:

  2. Հատված ելույթից. «2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ»։

    Իրականություն

    Ինչո՞ւ են  Հայաստանի ցուցանիշները համեմատվում Արևմտյան Եվրոպայի երկրների հետ: Արևմտյան զարգացած երկրների տնտեսությունն այնքան մեծ է և կայուն, որ այնտեղ անգամ 1 տոկոս տնտեսական աճը լուրջ և էական նշանակություն ու տարբերություն է ենթադրում: Իսկ Հայաստանը պետք է իր ցուցանիշներով համեմատվի, այսպես ասած՝ «իր քաշային» կարգում` արագ զարգացող երկրների ցուցանիշների հետ: Ընդ որում` որոշակի տրամաբանություն պետք է լինի` սոցիալ-տնտեսական կամ աշխարհաքաղաքական պայմանների նմանություն կամ տարածաշրջանային նույնականություն, ընդհանուր համեմատելի պայմաններ և այլն:

    2000-ականներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները համեմատվում էին Չինաստանի կամ Հնդկաստանի ցուցանիշների հետ, հարևան Վրաստանի հետ` հաշվի առնելով, որ միևնույն տարածաշրջանի երկրներ ենք:

    Դիտարկենք այս երկրների տնտեսական աճերը, բայց ոչ թե 2007-ից, այլ՝ 2010-ից՝  հաշվի առնելով, որ ճգնաժամից հետո զարգանալու հնարավորությունը սկսել է հենց այդ թվականից: Համարյա բոլոր երկրները տնտեսական անկում են գրանցել 2009-ին, Հայաստանը` զարմանալի շատ տեմպով՝ 14.1 տոկոս, որը երկրորդն էր աշխարհում:

    Այսպես, 2010 թվականից գումարային աճը, ըստ այդ երկրների, հետևյալն է` Հայաստան 24.1%, հարևան Վրաստան 29.8%, Հնդկաստան 42.6%, Չինաստան 49.3%: ՀՆԱ աճի ցուցանիշները` ըստ ԱՄՆ ԿՀՎ «The word factbook»-ի: 

  3. 2008 թվականին ՀՆԱ ծավալն` ընթացիկ գներով, կազմել է 3 տրիլիոն 646.1 միլիարդ դրամ, կամ` այդ ժամանակվա 1 դոլարը 305.97 դրամ փոխարժեքի հաշվարկով` կազմել է մոտ 11 միլիարդ 916.5 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2015 թվականին ՀՀ ՀՆԱ-ն` ընթացիկ գներով, կազմել է 5 տրիլիոն 47 միլիարդ դրամ, կամ տարեկան միջին կշռված` 1 դոլարը 477.86 դրամ փոխարժեքով` 10 միլիարդ 561.7 միլիոն դոլար:

    Այստեղից հետևում է, որ դրամով արտահայտված` 2008 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն աճել է 38.5 տոկոս, իսկ դոլարային արտահայտությամբ, ընդհակառակը` ՀՆԱ-ն նվազել է մոտ 11.4 տոկոսով: Իսկ եթե ուզում ենք հասկանալ, թե անգամ դրամային արտահայտությամբ ՀՆԱ աճն ինչպես է ազդել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ապա պետք է ինդեքսավորենք առաջին հերթին գնաճը ու հետո` էլի բազմաթիվ ցուցանիշներ:

  4. Հատված ելույթից. «Մենք կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլև նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաև տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։ Մասնավորապես, եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել էր 72%-ը: Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ»:

    Իրականություն.

    2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4.7 մլրդ դոլար, որը 2014-ի համեմատ կրճատվել է 20,6%-ով։ Հայաստանի արտահանումը նվազել է 3.9 տոկոսով,  2015 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 1 մլրդ 486,9 մլն դոլարի ապրանք՝ 3,9%-ով քիչ, քան 2014-ին։ 2015-ին հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 2014-ի համեմատ 19,9%-ով աճել է։ Պատրաստի սննդի արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 308 մլն դոլար (նվազումը՝ 8,9%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինն ու դրանցից պատրաստված իրերինը՝ 206 մլն դոլար (նվազումը՝ 10,6%), ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝  229,6 մլն դոլար (նվազումը՝ 24,1%): Այսինքն, շարունակում ենք աճ ապահովել հանքերի անխնա շահագործման հաշվին: Իսկ ընթացիկ տարում այն, ինչ կատարվեց արտահանման ոլորտում, կարելի է համարել կեղծիք: Օրինակ` 2014 թվականին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանվել է ընդամենը 217.7 տոննա լոլիկ, 2015 թվականին՝ 1254 տոննա: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանը թուրքիայից է ներմուծել այդքան լոլիկ, պիտակավորել որպես հայկականի և արտահանել Ռուսաստան: Նշենք որ պաշտոնապես, այս տարվա միայն առաջին 6 ամիսներին արտահանվել է 30 հազար տոննայից ավելի: Ի դեպ, այս տարի պաշտոնապես Հայաստան է ներկրվել ընդամենը 120 տոննա թուրքական լոլիկ: Նույնը՝ տեքստիլի մասով: Ընդ որում, դա այն պայմաններում, երբ թուրքական գյուղմթերքի մուտքը  ռուսական շուկայ արգելված էր:  Նշենք, որ Հայաստանում նախապես հայտարարվում էր 2.2 տոկոս տնտեսական աճ՝ 2016 թվականի համար, այնուհետև կանխատեսումն իջեցվեց 1.8 տոկոսի, հիմնականում՝ գյուղատնտեսության ոլորտում աճի տեմպի նվազման պատճառով:

    Ներմուծման ընդհանուր ծավալը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2015թ. կազմել է  3 մլրդ 254 մլն դոլար, որը 2014թ. համեմատ՝ նվազել է 26,5%-ով։ Ընդ որում, ներմուծված ապրանքախմբերում կան բազմաթիվ տեսակներ, որոնք Հայաստանը կարող էին արտադրվել: Այս ամենի մասին ելույթում խոսք չկար:

  5. Հատված ելույթից. «Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ՝ մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն, նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին և երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը և երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»։

    Իրականություն.

    Նախ՝ նշենք որ ըստ մասնագետների՝ արտաքին պարտքի ամենից վտանգավոր մասը ոչ թե դրա մեծացումն է, այլ տնտեսական չնչին աճի պարագայում դրա կառուցվածքի շարունակ վատթարացումը: Նկատի ունենք, որ վերցնելով թանկ վարկ` փակում ենք էժանները:

    Ինչ վերաբերում է չափին, ապա՝ 2008 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1 մլրդ 577.2 մլրդ դոլար: 2009 թվականին կտրուկ աճեց՝ դառնալով 2 միլիարդ 966.8 միլիոն դոլար: Հաջորդ տարիներին շարունակաբար աճեց՝ 3 միլիարդ 300.5 միլիոն, 3 միլիարդ 569.3 միլիոն, 3 միլիարդ 739.1 միլիոն, 3 միլիարդ 899.1 միլիոն: Միայն մի փոքր նվազեց 2014 թվականին՝ դառնալով 3 միլիարդ 785.2 միլիոն, իսկ 2015 թվականին կրկին աճեց՝ դառնալով 4 միլիարդ 300 միլիոնդոլար: Այսինքն, 2009-2016 թվականներին արտաքին պարտքն աճեց մոտ 4.02 մլրդ դոլարով: Իսկ պետական ընդհանուր պարտքը 2016 թվականի հոկտեմբերին կազմում է արդեն 5.6 մլրդ դոլար: Բացի այդ, հայտնի է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի տաս տոկոսն է ընդամենը կառուցվել, ծախսվել է ընդհանուր գումարի շուրջ 90 տոկոսը:

  6. Հատված ելույթից. «Անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակաբար բարձրացել է: Եթե 2007 թվականին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս այն 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2.8 անգամ»:

    Իրականություն

    Մեկ ամսից Հայաստանը կմտնի 2017 թվական: Նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ: Մեջբերենք 2013թ. օգոստոսի 28-ին կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի խոսքից. «2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի»: 

    Հատված ելույթից. «Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60.985 դրամ, ապա 2016 թվականի ինն ամիսներին կազմել է 160.688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2.6 անգամ»:

  7. Իրականություն.

    Գրադարանավարը մեր երկրում ստանում է նվազագույն աշխատավարձ, այսինքն՝ 55 հազար դրամ: 2009 թվականին նվազագույն աշխատավարձը

    30 հազար դրամ էր, և գրադարանավարը ստանում էր այդքան: Այսինքն՝ 7 տարում աճել է ըևնդամենը 25 հազար դրամով կամ՝ 83.3 տոկոսով: Նախագահի աշխատավարձը 2009 թվականին 436 հազար դրամ էր, 2014 թվականից՝ 1.3 մլն դրամ: Աճը 6 տարում կազմում է 198.2 տոկոս:

  8. Հատված ելույթից. «Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին»։

    Իրականություն.

    Մեղավորը, փաստորեն, էլի ոչ թե մենք ենք, այլ՝ Ռուսաստանը, որտեղից քիչ տրանսֆերտ են ուղարկում աշխատանքի մեկնած մեր հարազատները:

    2007 թվականին Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր աղքատությունը իսպառ վերացնելու մասին, իսկ 2016թ. հունվարի 1-ին ունենք 29.8 տոկոս աղքատություն:

    «Իմ խնդրանքն է, որպեսզի որևէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման կամ անհարկի ձգձգման պարագայում: Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»,- ասում էր Սերժ Սարգսյանը 2011թ. մարտի 3-ի խորհրդակցությունում: Աղքատության հաղթահարումն էլ ծրագիր էր:

  9. Իրականություն.

    Նախագահն արտագնա աշխատանքի մասին խոսելիս չխոսեց գնացող-չեկողների մասին: Որովհետև այստեղ միայն բացասական թվեր կան: Այսպես, 2009 թվականին անվերադարձ գնացել է 25.000 մարդ, հաջորդ տարիներին՝ համապատասխանաբար, 46.700, 43.800, 42.800, 31.200, 41.700 մարդ և 43.438՝ 2015 թվականին: Այսինքն, 2009-2015 թվականներին գնացել-չի եկել 274.638 մարդ՝ պաշտոնապես: Տարեկան կտրվածքով, սա ավելի շատ է, քան 1995-97 թվականների հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում: Ավելին, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2015թ. Հայաստանի մշտական բնակչության թիվը պակասեց 3 մլնից՝ հասնելով 2 մլն 998 հազարի: Սա`ի միջի այլոց:

  10. Հատված ելույթից. «Բնակչության բարեկեցությունը մեծացնելու համար նաև մի շարք ծրագրեր են ներդրվել։ Այսպես, ներդրվել է սոցիալական փաթեթների համակարգը, քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ընտանիքներին Երևանում և մարզերում մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը»:

    Իրականություն.

    Կառավարության հուլիսի 7-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց սոցփաթեթում առկա հանգստի բաղադրիչը հաջորդ տարվա հունվարի 1-ից կասեցնելու մասին: Պատճառը չարաշահումներն են: Այսինքն, կառավարությունը չկարողացավ գտնել իր ստեղծած մեխանիզմը կազմակերպելու արդյունավետ համակարգ:

    2010 թվականի հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը Կապանում մասնակցեց երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու շենքի հիմնարկեքին:  Մինչ օրս քարը քարի վրա չի դրվել: Անգամ տեղանքը կարգին չէին ընտրել: Որևէ այլ մարզում երիրտասարդ ընտանիքների համար բնակարաններ կառուցել փորձ իսկ չի եղել, թեկուզ՝ ձախողված:

  11. Հատված ելույթից. «Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»:

    Իրականություն

    ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի 50 մլն եվրո վարկին, որը տրվում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրով»: Կառավարության նոյեմբերի 10-ի նիստին հավանություն տրվեց նույն բանկից վերցվող ևս 90 մլն դոլարի՝ ճանապարհների, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի ցանցի համար: Նոյեմբերի 18-ին ստորագրվեց համաձայնագիր, որով  Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 50 մլն եվրո վարկ է տալիս՝ ՓՄՁ աջակցության համար: Կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստին հավանություն տվեց Համաշխարհային բանկից բյուջեի կարիքների համար ստացվելիք 50 մլն դոլարին:

    Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվեց 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:

    Սա կազմեց 290 մլն դոլար՝ մեկ ամսում: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ