10  11  2016

Այն, ինչ չի կարողանում կառավարությունը, անում է ԱՎԾ-ն

Այն, ինչ չի կարողանում կառավարությունը, անում է ԱՎԾ-ն

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, Համաշխարհային բանկի հետ համատեղ, հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը:

Նրանում բազմաթիվ թվեր կան, որոնք ուշագրավ են և ևս մեկ անգամ համոզում են չհավատալ վիճակագրական ցուցանիշներին:

Այսպես, ըստ զեկույցի, 2015 թվականին աղքատ է եղել Հայաստանի բնակչության 29.8 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 2 տոկոսը: Չնայած որ սա հսկայական ցուցանիշ է, այնուամենայնիվ, կարող ենք ուրախանալ, որ աղքատությունը 35 տոկոսից նվազել է:

Վիճակագրությունը համեմատում է նախաճգնաժամային 2008 թվականի հետ և փորձում ապացուցել, որ մենք գրեթե հասել ենք այդ ցուցանիշին և հաջորդ տարի, վստահաբար, կանցնենք այն: 2008 թվականին ծայրահեղ աղքատ էր բնակչության 1.6 տոկոսը, աղքատ՝ 27.6 տոկոսը:

Մեծ կասկածներ կան՝ իրականում նվազե՞լ է աղքատությունը, չէ՞ որ աղքատության վրա ազդող հիմնական գործոների առումով վիճակը հուսադրող չէ: Հանրապետության սոցիալ-տնտեսական առանձին թվային պատկերները փաստում են, որ վիճակը գնալով վատանում է:

Գործազրկությունը 2008 թվականին 16.4 տոկոս էր՝ պաշտոնապես, 2015-ին՝ 18.5 տոկոս: Չնայած 18.5 տոկոս է, սակայն աշխատանք ունեցող մարդկանց մի մասը՝ 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացող 75 հազար հոգի և նրանցից քիչ ավելի բարձր վարձատվող շատերն իրենց համարում  են գործազուրկ: Իսկ աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ են կազմում աշխատանք ունեցողները:

Աղքատության մակարդակի վկայություն են սոցիալական ծրագրերը, դրամական օգնությունները: 2015 թվականին նպաստ է ստացել ամսական միջինում 105 հազար 408 ընտանիք, 2013թ.՝ 103 հազար ընտանիք, 2012 թ.՝ 101 հազար, 2011 թ.՝ 84 հազար: Ինչպե՞ս պատահեց, որ նպաատառուների թիվը մեծացավ, բայց աղքատությունը՝ պակասեց: Եթե համարում եք, որ նպաստ տալով աղքատությունը հաղթահարվեց, ապա ասենք, որ նպաստն ընդամենը գոյատևման հարց է լուծում:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում ամենից հարուստների եկամուտները վերջին 7 տարիներին աճել են 2.1 անգամ, ամենից աղքատների եկամուտները նվազել են:

2008 թվականին Հայաստանից անվերադարձ գնացել է 23.100 մարդ, 2015 թվականին՝ 43.438: Մարդիկ Հայաստանից գնում են մի քանի պատճառներով, որոնցից առաջին տեղում սոցիալականն է՝ աղքատությունն ու աշխատանքի բացակայությունը: 2008 թվականից ի վեր գնում և չի գալիս կրկնակի թվով մարդ, իսկ դա նշանակում է, որ սոցիալականն առնվազն կրկնակի վատացել է: Բնակչության թիվն այս տարի՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, իջել է 3 մլն-ից. 2016 թվականի հունվարի 1-ին ՀՀ մշտական բնակչության թիվը 2 մլն 998 հազար էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 մլն 993 հազար

Հայաստանի ընտանիքների 60 տոկոսից ավելին դրսում ունի մեկ աշխատող, որը գոյատևման գումար է ուղարկում ընտանիքին: 2008 թվականին դրսի մեր հայրենակիցներն ուղարկել են 2 մլրդ 270 մլն 615 հազար դոլար, 2015 թվականին՝ 1 մլրդ 631 մլն 659 հազար դոլար: Ուղարկած գումարն էլ այժմ արժեք չունի, և Հայաստանում նվազում է սպառողական ապրանքների գնողունակ պահանջարկը:

Հայաստանում շատացել է ամուսնալուծությունների, քչացել՝ ամուսնությունների թիվը: Պատճառների առաջին հորիզոնականում սոցիալական պայմաններն են:

Ընդ որում, պետության վիճակը շատ ավելի ծանր է քան քաղաքացիների՝ 2008 թվականի հետ համեմատած: 2008 թվականին պետական պարտքը կազմում էր 1.9 մլրդ դոլար, 2015-ին՝ 5.1 մլրդ: Հայաստանը շարունակում է միջազգային վարկային կազմակերպություններին դիմելու քաղաքականությունը: Առանց այն էլ սուղ պետբյուջեից 500 միլիոն դոլար ամեն տարի տալիս ենք արտաքին պարտքի մարմանը:

Այս ամենից հետո բերել թվեր, թե Հայաստանում աղքատությունը գնալով նվազել է, և մենք հասել ենք նախաճգնաժամային վիճակին, առնվազն ճիշտ չէ:

Հիմա ամենաուշագրավի մասին. նույն Համաշխարհային բանկը, որը ԱՎԾ-ի հետ այս զեկույցը կազմել է, ամիսներ առաջ, հրապարակեց զեկույց՝ նշելով, որ Հայաստանում կա 76 տոկոս աղքատություն։ Աղքատ են համարվում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները, իսկ այդպիսի սպառում ունի մեր բնակչության 76%-ը։ 

Հայաստանի նոր կառավարությունը խոստանում է որևէ թիվ չկեղծել: Հուսանք որ այդպես էլ կլինի, և կառավարությունն արմատական փոփոխության կենթարկի վիճակագրական համակարգը: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ