07  11  2016

Ո՞վ է լավ ապրելու՝ իշխանությունից բացի

Ո՞վ է լավ ապրելու՝ իշխանությունից բացի

Օրերս ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթանք հղեց. «Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է: Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ և բարեկեցիկ երկիր»:

Տքնաջան աշխատելու փոխարեն հավատ և հույս տածելը մեր իշխանության սովորությունն է:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում խոսելով լրագրողների հետ, կարևոր ազդակ փոխանցեց քաղաքացիներին. «Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու: Ընդհանրապես, հույսը վատ բան չէ,  հուսալքված մարդին անարդյունավետ են»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 31-ին եթերում ասաց. «Մեր գյուղատնտեսությունը կզարգանա, որովհետև կային երկրներ, որոնք ունեին խնդիրներ և զարգացել են…»:

Մեկ շաբաթում երեք նման հայտարարությունները, ինչպես տեսնում ենք, որևէ արժեք չունեն, քանի որ նրանցում չկա որևէ խոստում (չնայած՝ խոստացածի մեջ ևս արժեք չկա): Նրանք միայն խոսք են հղում առ Բարձրյալ, որ լսի և բարիք բերի ժողովրդին:

Ընդհանրապես, երկրի ղեկավարն ու կառավարության անդամներն ընդհանուր և մասնագիտական տոների առթիվ նման ցանկություններ են հայտնում, մաղթանքներ հղում թոշակառուներին, սոցիալական աշխատողներին, մայրերին, երեխաներին, զինվորներին, ֆուտբոլասերներին, լրագրողներին և այլոց: Որպես ցանկություն՝ բոլորն էլ իդեալական են, հայրենասիրական ու անձնուրաց, բայց հարց է, թե նշված մարդկանցից յուրաքանչյուրն իր բնագավառում ի՞նչ է անում՝ խոստացածը փուչիկ չդարձնելու համար:

Ինչո՞ւ չենք հավատում մեր կյանքի՝ օրեցօր բարելավվելու մասին նախագահի վստահությանը:

Երբ ունես նոր կառավարություն, որի միակ դրական կետը վարչապետի հանրապետական չլինելն է, երբ կառավարություններդ տապալել են գործունեության ծրագիրն ու նախագահի նախընտրական ծրագիրը, իսկ նոր կառավարության ծրագրում ոչ մի էական խոստում չկա, երբ ամեն տարի պետբյուջեն թերակատարում ես, հաջորդ տարվա պետբյուջեով ծախսերը՝ կրճատում, գումարից մի մեծ կտոր էլ ուղղում արտաքին պարտքի մարմանը, իսկ պետպարտքդ գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, երբ տնտեսության աճը լավագույն դեպքում ընդամենը 3 տոկոսի է հասնում, տնտեսության մեջ դրսից ներդրում չեն արվում, ներսիններն էլ չեն դիմանում, երբ քո ձեռքով կեղծում ես նոր ընդունած սահմանադրությունը, երբ առողջապահության նախարարդ թքած ունի, թե նոր սերունդ բերող ծննդկան է մահանում, գյուղնախարարիդ հույսն աստծո վրա է, օրենսդիր մարմինդ զբաղվում է օրենքներ դակելով, խորհրդարանում շատ են ազգընտիրները, որոնց անձնական բիզնեսի երկնիշ տոկոսներով աճի պատճառով երկրի տնտեսական աճը կանգ է առնում, երբ դատավորդ 1000 դոլար «վաստակելու» համար մտնում է գետինը, երբ արտգործնախարարիդ շենքից հանել ես ու շենքը վաճառել, նույնը պատրաստ ես անել կապի նախարարի հետ, երբ այնքան ես ուռճացրել նախարարությունների աշխատողների թիվը, որ նախարարդ անգամ չի հիշում, թե քանի օգնական ունի, երբ սպառման մակարդակն ընկել է և շարունակում է ընկնել, արտագնա աշխատանքի մեկնածները կիսով չափ կրճատել են տուն ուղարկվող գումարը, երբ չես բարձրացնում նվազագույն  աշխատավարձը, թոշակն ու նպաստը, սոցապնախարարդ էլ չի հիշում, թե վերջին անգամ երբ է տոլմա կերել, որտեղի՞ց նման վստահություն, թե մենք լավ ենք ապրելու:

Մեր հարցումները պարզ վկայությունն են նրա, որ վաղուց ոչ ոք մաղթանք-կենացի ու խոստումների կարիք չունի, մի ծախսեք ձեր ժամանակը խոստում տալու վրա ...

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ