04  11  2016

Անակնկալ՝ վարչապետին

Անակնկալ՝ վարչապետին

2015 թվականի դեկտեմբերից 6-ի սահմանադրական հանրաքվեից թեև մեկ տարի էլ չի անցել, սակայն մի քանի անգամ ապացուցվեց նոր սահմանադրության կենսունակության բացակայությունը, քաղաքական հետաքրքրություն շարժող դրույթների կիրառման անհնարինությունը: Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ կարող է չպահպանվել և ոչ մի պայմանավորվածություն՝ գրավոր թե բանավոր:

Թեև շատերը դեմ էին (խոսքը ոչ թե քաղաքացիների, այլ՝ քաղաքական գործիչների մասին է) սահմանադրական փոփոխություններին, որին, չգիտես ինչու, իշխանությունը բարեփոխում անունն էր տվել, այնուամենայնիվ, փոփոխությունից հետո որոշ ընդդիմադիրների մոտ հույս առաջացավ, թե կառավարող ուժի ղեկավարը, իրենց պես, մտածում է, որ այլևս անհնար է նման տեմպով և ուղով շարժվել, միայնակ անհնար է գնալ համակարգային լուծումների և մտադիր է դեմոկրատական ճանապարհով փոփոխություն անել՝ երկրի կառավարմանը մասնակից դարձնելով նաև այլ ուժերի, կիսելով պատասխանատվությունը նրանց հետ խորհրդարանում և կառավարությունում:

Սա դրական փոփոխություն կարող էր լինել ուժերի համախմբման կոչով հանդես եկողների համար: Բայց այս ընթացքում տեղի ունեցան մի քանի զարգացումներ, որոնք ամբողջությամբ սին դարձրին նման հույսերը: ՀՀԿ-ն՝  իր առաջնորդի գլխավորությամբ, ցանկանում է շարունակել միանձնյա ղեկավարումը:

Տեղի ունեցավ ապրիլյան պատերազմ, որը գործնականորեն բացահայտեց կոռուպցիայի ազդեցությունը բանակի և քաղաքացիների վրա: Այնուհետև՝ Սասնա ծռերի գործողությունները և դրանց՝ հասարակական մեծ աջակցությունը ապացուցեցին, որ մեր երկրում կան խնդիրներ, և ոչ միայն քաղաքական, որոնք կարող են քաղաքացիներին դրդել զենքով հարց լուծելու: Երևաց իշխանությունների՝ հասարակական հենարան չունենալը, և երկրում քաղաքական կյանքի մեռած լինելու համապատկերում ավելի հավանական թվաց ապագայում իշխանության կիսումը: Բայց հետագա քայլերն ապացուցեցին հակառակը:

Գյումրու ընտրություններում իշխանությունը կարողացավ արդեն նոր սահմանադրությունը ծառայեցնել իր շահերին՝ «ապացուցելով», որ 15 ձայնն ավելի շատ է, քան 18 ձայնը: Վանաձորում էլ իշխանությունը ցույց տվեց, որ ոչ միայն մեկ քաղաք, այլև ոչ մի թիզ չի զիջելու ընդդիմության կոալիցիային: Գիտենք, թե ինչ խարդավանքների արդյունքում հնարավոր եղավ դարձյալ պառակտել ընդդիմությանը և անցկացնել իշխանության թեկնածուին:

Ահա, այս  պաշարով ենք մոտենում նոր ընտրություններին՝ արդեն վստահ իմանալով, որ իշխանությունը թույլ չի տալու երկրում ընտրությունների ճանապարհով իրավիճակ փոխել,  ՀՀԿ-ն  ամեն գնով ցանկանալու է ապահովել անբեկանելի մեծամասնություն, միայնակ  իր ձեռքն առնել կառավարման ղեկը, որով երկիրը հրելու է, մեր կարծիքով՝ ավելի խորը փոսի մեջ, իսկ  ըստ ՀՀԿ-ի՝ դեպի դրախտ:

2013 թվականի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացին կարող է գումար վերցնել ու ձայն չտալ իշխող ուժին, որ մեր երկրում ընդդիմությունը խնդիր ունի ոչ թե քվեի, այլ այդ քվեն պահելու: Հատկապես այս տարվա՝ արդեն նշած դեպքերից հետո իշխանությունը ևս հասկացավ, որ ունի քվեի խնդիր:

Նախագահն արեց ևս մեկ քայլ, որը որոշակի շրջանակի համար ազդակ էր. վարչապետ նշանակեց մարդու, ով գոնե հանրային ընկալումներում տնտեսական առումով իրավիճակի փոփոխման տպավորություն կարթնացներ: Քաղաքական առումով կոմպրոմիսային ֆիգուր լինելով՝ կմեղմացներ ներքաղաքական լարվածությունը, ու արդեն ժողովրդի այդ նույն հատվածի մոտ կառաջացներ տպավորություն, թե նախագահը և իշխանությունը գնում են բարեփոխման՝ վստահության վերականգնման ճանապարհով:

Կարեն Կարապետյանին վարչապետ բերելով՝ իշխանությունը, կարծում ենք, նպատակ ուներ ընդունելի կադրի միջոցով ապահովել որոշ բարեփոխումներ, տնտեսական աճ, լարվածության թուլացում, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ՀՀԿ-ի օգտին քվեներ: Կարեն Կարապետյանի լավ աշխատանքը, իհարկե, դեռ չի նշանակում, թե ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն կտա…

Բայց այստեղ ուշագրավ է, թե ինչու Կարեն Կարապետյանը համաձայնեց ղեկավարել Հայաստանի՝ 8 տարի անընդմեջ ձախողած կառավարությունը: Ի՞նչ են նրան խոստացել, բացի տնտեսական քաղաքականության և տնտեսական բլոկի կադրային քաղաքականության հարցերում ազատությունից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը լավ գիտի, որ իր կառավարությունը գոյատևելու է արդեն 5 ամիս: Կառավարության ծրագիրը ևս գծված է այդքան ժամկետի համար: Ուրեմն ինչո՞ւ պետք է որևէ բանական մարդ, որն ունի լավ կարիերա, գա ու իր աշխատավարձից 130 հազար դոլարով պակաս աշխատավարձով գործ անի:

Կարեն Կարապետյանը, ըստ հիմնականում շրջանառվող կարծիքների, կարող էր գալ մի քանի պարագայում՝

խոստացել են վարչապետի պաշտոնում կարիերայի շարունակում նաև խորհրդարանական ընտրություններից հետո

հայրենասիրությունը և երկիրը փրկելու մղումը վեր է դասում անձնական շահից

Հայաստանի տնտեսության մեջ ունի անձնական բիզնես հետաքրքրություններ և ցանկանում է այդ շահերն առաջ տանել

ցանկանում է մեր պաշտոնյաներին հայտնի ճանապարհներով ավելի շատ գումար աշխատել, քան Ռուսաստանում ստացած աշխատավարձն էր:

ՀՀԿ-ն բազմիցս պնդում էր առաջին տարբերակը: «Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ Ազգային ժողովի ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն հաղթի». Այս նախադասությունը կրկնեցին մի քանի անգամ, բայց այն ՀՀԿ-ականները, որոնք կուսակցության մեջ ոչինչ չեն որոշում:

Եվա ահա, նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս արաբական հայտնի հեռուստաալիքին և ասում, որ պաշտոնաթողությունից հետո վարչապետի կարգավիճակում իր պաշտոնավարումը հնարավոր է՝ կուսակցության պատկառելի քվեների արդյունքում: Արդյոք տեղյա՞կ էր վարչապետը այս մոտեցման մասին. Հարցս, իհարկե, հռետորական է:

Ստացվում է՝ Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է բախվում մեր իշխանական համակարգի՝ վերջին տարիների գլխավոր ավանդույթին` պայմանավորվածությունները չեն հարգվում: Նույն խնդրին բախվեցին նաև ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում սահմանադրությանը կողմ հանդես եկող ուժերը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը հենց սկզբում հայտարարեց, որ չի հավակնում նախագահի, վարչապետի և այլ պաշտոնների, բայց հանրաքվեից դեռ առաջ էլ ասաց, որ իրեն ճիշտ չենք հասկացել:

Արդարության համար նշենք, որ ի տարբերություն էյֆորիայի մեջ ընկած, ուրախությունները չթաքցնող հանրության որոշ հատվածի, ավելի պրագմատիկ մարդիկ նման իրավիճակը կանխատեսում էին վաղուց` թե սահմանադրության փոփոխություններից առաջ, թե վարչապետի նշանակման օրերին:

Այսօր խաղի կանոնները սրանք են, և վարչապետի համար հիմնական մարտահրավերն այն է, թե ինչպե՞ս գործել, եթե իրեն հանելու են աշխատանքից բոլոր դեպքերում: Այսօր, ամեն դեպքում, այսպես է երևում:   

Վարչապետի խնդիրն ամենակարևորը չէ: Մարդը ոչ Հայաստանի հույսին է, ոչ ՀՀ վարչապետի 3 հազար դոլարանոց աշխատանքի:

Մեր քաղաքական դաշտն ի՞նչ է  այժմ անելու, երբ նրան թելադրում են խաղի նոր կանոն՝ ընտրություններից անմիջապես առաջ, երբ պայմանավորվածությունները միանգամից փոխվում են և փոխվում են այնպես, որ դրանք շրջանցեն բոլոր ուժերին, և կենտրոնում մնա մեկը:

Իսկ մեր երկրում, արդարության հույսից ելնելով, մարդիկ ստանձնում են պատասխանատվություն, մտնում են ծանր բեռի տակ, որոշներն էլ բացում են կուսակցություններ, բայց միևնույնն է՝ կանգնում են նույն խաղի կանոնի բացակայության փաստի առաջ: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ