03  11  2016

Ամեն խոսքին բեղ չեն ոլորի

Ամեն խոսքին բեղ չեն ոլորի

Ժողովրդական այս ասացվածքը, որ և ասողին է վերբերում և լսողին, նշանակում է ամեն մի խոսքից պետք չէ շատ ոգևորվել, և ամեն ասված բան էլ պետք չէ հերոսական պաթոսով հնչեցնել: Ամեն դեպքում դժվար է գտնել մի այլ ասացվածք կամ թևավոր խոսք, որ այսքան կբնորոշի ներկա իրողությունները: Ասել մի բան, բայց անել ճիշտ հակառակը, կամ ասել մի բան, խոստանալ և մոռանալ խոստումդ: Սա աստիճանաբար ողջ քաղաքական վերնախավի վարքում ասես կանոն է դարձել և այլևս մարդկանց չի զարմանցնում: Այսինքն լսելիս ոգևորված բեղ ոլորող էլ չկա: Այ ասելիս՝ ուրիշ բան: Սկսած միջին կարգի չինովնիկից մինչև առաջին դեմքեր այլևս հարկ չունեն մտածելու իրենց խոսքի ու խոստման արժեքի մասին: Տված խոստումը չպահելու կամ դրան տրամագծորեն հակառակ գործելու ցանկացած դեպքի վերաբերյալ այնքան «յուղալի», բայց լպրծուն բացատրություններ, պատճառաբանություններ ու հիմնավորումներ են տրվում, որ թվում է, թե մեզ բոլորիս հիշողությունից զուրկ զոմբիների տեղ են դնում: Կասեն՝ խոստումը քաղաքական կատեգորիա չէ: Այդ դեպքում հասկանալի չէ, թե առհասարակ ինչն է քաղաքական կատեգորիա: Երբ սեփական խոսքի պատիվն ու կշիռը անկարևոր են դիվանագետի համար, դեռ մի կերպ կարող ես ընկալել: Մարդ էր, դիվանագիտական տեսանկյունից գուցե նպատկահարմար էր ասել ու հայտարարել մի բան, բայց անել մեկ այլ բան: Սակայն լրիվ ուրիշ տպավորություն է, երբ նույն բանն է անում քաղաքական, պետական գործիչը, կուսակցապետը, գործարարը, չինովնիկը, մտավորականը, բժիշկն ու առևտրականը: Հայերս պատիվ բառին զուգահեռ կամ դրանից էլ ավելի հաճախակի սիրում ենք օգտագործել թասիբ օտարալեզու բառը: Ահա այդ թասիբ կոչվածի աղետալի պակասն է այսօրվա մեր իրականության ամենաբնորոշ հատկանիշը:

Հեռու չգնանք, հիշում ենք, որ ըստ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի՝ մեր երկրի ապագան Եվրամիության հետ ասոցացումն է, և ոչ մի դեպքում՝ Եվրասիական միությունը: Տիգրան Սարգսյանը նույնիսկ այդ մասին հարցն էր անտրամաբանական համարում, պատճառաբանելով, որ չենք կարող մտնել մի միություն, որի հետ նույնիսկ սահման չունենք: Կարճ ժամանակ անց անդամագրվեցինք հենց Եվրասիական միությանը: Ինչքան էլ համոզիչ թվան բացատրությունները, թե դա եղել է երկրի նախագահի որոշումը, միևնույն է, խոսքն ասվել և ուրացվել է: Որեմն, եթե դուք չէիք որոշողը, ինչո՞ւ էիք հայտարարում այդքան հաստատակամ: Նույն Տիգրան Սարգսյանը վստահորեն պնդում է, որ ինքը շարունակելու է վարչապետի պաշտոնին աշխատել, բայց ընդամենն օրեր անց հրաժարական է տալիս: Հետո նա՝ որպես արևմտամետ, դարձավ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, բայց ամիսներ անց հանկարծ որպես ռուսամետ՝ հայտնվեց նույն այն Եվրասիական միության ղեկավարի պաշտոնին, որին անդամակցելը անտրամաբանական էր համարում:

Նման օրինակները վերջին տարիներին այնքան շատ են, որ թվարկելը պարապ ժամավաճառություն կլինի: Հայկական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ մի ամբողջ ցանկ խոստումներ էր հրապարակել, որոնք երկրի նախագահն էր հայտարարել ու մոռացել:

Այս մասին մտածելու առիթը քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունն էր: Երբ հանրապետական վերնախավը նրան վարկաբեկելու փորձ արեց, Ծառուկյանը համարժեք պատասխան տվեց, ու կարծես թե ընդունեց Սերժ Սարգսյանի մարտահրավերը: Բայց այդ հաստատակամությունը կարճ կյանք ունեցավ, և Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունը մեկընդմիշտ թողնելու որոշման մասին: Դրանից հետո էլ, մեկ երկու առիթով կրկնեց, որ ինքն այլ ասպարեզներում բազմաթիվ անելիքներ ունի և հորդորեց մոռանալ իր քաղաքականություն վերադառնալու մասին: Այս օրերին սակայն պարզվեց, որ թեմայի մասին գրքի էջը ոչ թե փակվել էր, այլ՝ ծալվել:

Չենք կարող չընդունել, որ ժողովրդի մեջ դեռևս շատ է Ծառուկյանին հավատացողների ու նրանից սպասումներ ունեցողների թիվը: Ցավալի է խոստովանել, որ նրան սպասողների մեծ մասը ոչ թե ներող Ծառուկյան է ուզում տեսնել, այլ վրեժխնդիր: Բայց նա արդեն չունի այն մասսայական հեղինակությունն ու ազդեցությունը, որ ուներ մինչ քաղաքականությունը թողնելու հայտնի հայտարարությունը: Հեղինակություն, որը ձևավորել էր ոչ այնքան քաղաքական գործունեությամբ, որքան բարեգործական ակցիաներով, ժողովրդին սրտամոտ խոսվածքով, նաև որպես օլիմպիական կոմիտեի նախագահ ու առաջին մեծահարուստներից մեկը:

Թե ինչ վերջնական որոշում կկայացնի Գագիկ Ծառուկյանը, դժվար է ասել, սակայն ավելի դժվար կլինի վերականգնել այն հեղինակությունը, որն ուներ ժողովրդի մեջ:

Վարչապետ Կարեն Կարպետյանը երկրի տնտեսության արագ վերականգնման ու ժողովրդի բարեկեցության մասին ոչ մի խոստում չի տալիս: Այնուհանդերձ, նա էլ անում է հայտարարություններ, որոնց տակից շատ դժվար է լինելու դուրս գալը, եթե ոչ՝ անհնար: Վճռականի ու հաստատակամի այն կեցվածքը, որ որդեգրել է վարչապետ Կարապետյանը՝ մեկ օրում կարող է հօդս ցնդել: Չենք ակնարկում, թե նրա հաստատակամությունը լոկ ձևական կեցված է, այլ նկատի ունենք մեր երկրում ձևավորված ավանդույթը, որ ցանկացած պաշտոնյայի, և նույնիսկ վարչապետին կարելի է շնորհակալություն ասել ու հեռացնել պաշտոնից՝ առանց հանրությանը բացատրելու՝ ձախողե՞լ է իր գործը, թե՞ չափից ավելի ինքնուրույնության նշաներ է ցույց տվել:

Որևէ պաշտոնյայի կամ քաղաքական գործչի մտքով իսկ չի անցնում, որ ամեն մի դրժած խոստումի հետևանքը հիասթափության մի մեծ ալիք է: Կամ էլ շատ լավ գիտակցում են, բայց թքած ունեն: Վարժեցրել են չհավատալ իրենց: Զավեշտալի է, որ այս պայմաններում խոսում են վստահության վերականգնման մասին: Զավեշտալի է, բայց նաև տխուր, քանի որ ասպարեզում չկա մեկը, որին լսելիս բեղդ ոլորես ու մտածես՝ որ ասել է՝ ուրեմն կանի:

Հովհաննես Երանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ