19  10  2016

Բռնոցի, պպզոցի

Բռնոցի, պպզոցի

Հեռուստաեթերը, ինտերնետը, իշխանական ու կուսակցական գրասենյակները շարունակում են քննել վանաձորյան քաղաքական քցոցին, իսկ շատերը  Էրքյուլ Պուարո, Շերլոկ Հոլմս ու Կոմիսար Մեգրե դարձած դեդուկտիվ և ինդուկտիվ մեթոդներ կիրառելով փորձում են բացահայտել «դավաճաններին» կամ քցողներին: Քցել բառը հատուկ  գ-ով չենք գրում, քանի որ էս պատմությանն ավելի շատ քցոցի բառն է սազում, և ք տառն ավելի տեղին է, քան խեղճ գ-ն: Եվ այսպես, բոլորն ուզում են պարզել՝  «Վերածնվա՞ծ» թե՞ «Բարգավաճ Հայաստանից» են «Լուսավոր Հայաստանի» հետ պայմանավորված, ստորգրություն դրած ու խոսքը դրժած ավագանու 4 անդամները, որոնց ձայների շնորհիվ ՀՀԿ անդամը դարձավ Վանաձորի քաղաքապետ: Մեգրեն, օրինակ այն կարծիքի է, որ նախկին ՕԵԿ-ականներն են, քանի որ նախկինում էլ նման զանցանքներ կատարելու հակումներ են ունեցել: Դրա փոխարեն, Շերլոկ Հոլմսը տրամաբանական է համարում իր ընկերոջ՝ դոկտոր Վաթսոնի պնդումն առ այն, որ նրանք «Բարգավաճից» են, քանի որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միշտ էլ մայկա-տրուսիկի, կոշիկ-նասկու պես մոտ են եղել իրար: Եվ միայն մեծն Պուարոն է պարզել, որ ամեն կուսակցությունից երկու ուրացող կա: Այս ամբողջ թոհուբոհի նկատմամբ անխորտակ վստահ կեցվածք ընդունած ՀՀԿ-ն քմծիծաղով է վերաբերվում բոլոր վարկածներին և մեծ դեդեկտիվներին համարում գրական սուտի կերպարներ, իսկ իրենցը միայն գործնականն է,  առանց երևակայության զեղումների՝ չոր, ռեալ, կոնկրետ: Արդի հայերենով՝ քեշ: Իսկ, գուցե՞ նրանք ոչ միայն ՕԵԿ-ից ու ԲՀԿ-ից են:  Այո, քանի որ հանրապետականները նախընտրում են «համագործակցել» բոլորի հետ, և հաջողել են  «Լուսավոր Հայաստանում» էլ խավար կետեր գտնել:

Բայց նրանց անխորտակ կեցվածքը արհեստական է, շինծու: Նրանք էլ սեփական հետաքննությունն են տանում հասկանալու համար, թե ովքեր են իրենց քցած երկու հոգին:  Չէ որ «համագործակցում»  էին վեց հոգու հետ, բայց ստացան միայն չորս օտար ձայն: Թող անիմաստ որոնեն, ումի՞ց են ավել, թող չիմանան, որ վեցից ոչ մեկն էլ չի խաբել: Այդ երկուսը հենց իրենցից են՝ հանրապետականներից: Այո, այնտեղ էլ կան մարդիկ, որոնք հոգնել են իրենք իրենցից:

Ինչպես օրինակ, Վիկտոր Դալլաքյանը հոգնեց: Հոգնեց ու որոշեց քցել: Մարդը հոգնեց քարեր քցելուց, հիմա որոշել է ուրիշ կերպ քցել ու անունը դնել… հավաքել: Իսկ թե էլ ինչ էր հավաքում քարեր նետելու տարիներին՝ դժվար չէ կռահել:

Բայց այս ամենն արդեն անհետաքրքիր է: Ե՞րբ վերջապես կգա խորհրդարանական ընտրությունների ժամանակը: Ի՜նչ քցոցիների ենք ականատեսն լինելու, ի՜նչ քցոցիների: Իսկ եթե մինչ այդ որևէ հետաքրքիր բան չպատահի իմ կամ ընտանիքիս անդամների հետ, մեղադրեք միմիայն Սերժ Սարգսյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ