10 04 2020

Իմ գտնվելու վայրը հայտնի է․ Արթուր Գևորգյանը հակադարձում է իրավապահներին

Իմ գտնվելու վայրը հայտնի է․ Արթուր Գևորգյանը հակադարձում է իրավապահներին

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար:

Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ Հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ: Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ