08 04 2020

Եթե դատական նիստ լինի, անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը․ Խոսրով Հարությունյան

Եթե դատական նիստ լինի, անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը․ Խոսրով Հարությունյան

«Մենք մեր երաշխավորությունը ներկայացրել ենք՝ հաստատ համոզված լինելով, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանքի ընտրությունը հակաօրինական է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ՀՀ և Արցախի Հանրապետության նախկին 4 վարչապետների երաշխավորությանը։

 Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն դեռ չի քննվել միջնորդությունը։ Մեր զրուցակից նախկին վարչապետը, խոսելքվ երկրորդ նախագահի կալանքի մասին, շեշտում է․ «Այն հակաօրինական է ցանկացած պայմաններում և ցանկացած պարագայում՝ ըստ իս: Ուստի իմ և համոզված եմ՝ նաև իմ գործընկերների միջնորդությունը որևէ փոփոխության չի կարող ենթարկվել՝ իրադարձությունների փոփոխության արդյունքում»:

«Ես կարծում եմ, եթե հաշվի առնենք այն հանգամանգը, որ նույնիսկ միջազգային հայտնի կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդկանց խոշտանգումների դեմ խնդիրներով, հայտարարում են, որ այս ճգնաժամին, այս համավարակի պայմաններում պետք է նախաձեռնել բոլոր հնարավոր դեպքերում խափանման միջոցները փոխել և հատկապես այն անձանց համար, ովքեր ռիսկային խմբում են, այս պայմաններում միանգամայն տարօրինակ է դատական իշխանությունների վերաբերմունքը, որովհետև ի՞նչ է նշանակում դատավոր Դանիբեկյանի անհետանալը։ Մենք հետևում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնություններին դատական գործընթացը սկսելու համար, նրանք հանդիպում են պատի, սա ուղղակի անթույլատրելի է, սա անմարդկային է, վերջին հաշվով: Հետևաբար, այս պայմաններում, եթե դատական նիստ լինի, անկասկած ես անձամբ կմասնակցեմ և կհաստատեմ իմ միջնորդությունը»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, անգամ եթե երաշխավորւթյունը չլիներ, դատելով կորոնավիրուսի տարածման վերաբերյալ միջազգային արձագանքներից, պետք է խափանման միջոցի փոփոխություն լինի. «Վերջին հաշվով մարդու խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն ուղղեց հորդոր խորհրդի անդամ բոլոր երկրներին՝ հետևելով այդ պահանջների կատարմանը, որովհետև խոսքը գնում էր ոչ միայն մարդու իրավուքնների, այլև ամենակարևորը՝ կայնքի մասին: Ես ուղղակի սկսում եմ ենթադրել, թեպետ անկեղծ ասած նույնիսկ համոզված եմ, որ Քոչարյանի նկատմամբ այս ամենն ունի բացարձակապես քաղաքական ենթատեքստ, հետապնդում է քաղաքական նպատակներ, այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ այլևս:

Մենք տեսնում ենք, որ պաշտպանական խմբի բոլոր նախաձեռնությունները համառորեն կամ արհամարհվում են, կամ մնում են անպատասխան, և որևէ պարագայում նման իրավիճակը, նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է, կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հատկապես: Ուստի ես կարծում եմ, որ միայն պատկան մարմինները՝ սկսած դատխազից, կարող էին հանդես գալ միջնորդությամբ՝ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը գրավով կամ այլ հնարավորություններով փոխարինելու: Տեղյակ եմ, որ եղել են դեպքեր, որ առանձին դատավորներ սեփական նախաձեռնությամբ հանդես են եկել և կալանավորվածների նկատմամբ  խափանման միջոցը փոխել են: Այս դեպքում ինձ համար որևէ մեկնաբանություն  կամ որևէ հիմանավորում ես չեմ տեսնում, հայտնի չէ քիչ թե շատ բանական հիմնավորում այս ձգձգումների համար: Եվ ակնհայտ է, որ եթե խափանման միջոցը շարունակի մնալ այսպես, դա բացարձակապես քաղաքական նպատականերով պայմանավորված կլինի:

Այնպես որ, ես, համոզված եմ՝ նաև իմ գործընկերները, մեր միջնորդությամբ կլինենք հետևողական։ Որևէ մեկնաբանություն ինձ բավարարող, որ դատական նիստը չի հրավիրվում, ես չեմ լսել, ինձ հայտնի չէ: 

Կրկնում եմ՝ այս ամենն անընդունելի է հատկապես համաճարակի պայմաններում: Կա նաև միջազգային հայտնի կազմակերպությունների հորդորները պետություններին՝ ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի կալանավորվածների նկատմամաբ՝ հատկապես ռիսկային խմբի, կիրառվի խափանման միջոցի փոփոխություն: Հիմա եթե այս ամենը չի արվում, դա խոսում է այն մասին, որ ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում տվյալ դեպքում: Սա նույնսիկ հակամարդկային է, նման անտարբերությունը որևէ հիմավորում չի կարող ունենալ»,- ասաց Խոսրով Հարությունյանը և շեշտեց․ «Ըստ էության, դատական իշխանությունը սպասում է այդ հարցում վարչապետի ուղղակի ցուցումին»:

Ինչ վերաբերում է հարցին՝ սա չի՞ կարելի դիտարկել նաև վարչապետի ինստիտուտի դեմ անհարգալից վերաբերմունք, քանի որ դատարանը, փաստորեն, անպատասխան է թողնում նախկին վարչապետների միջնորդությունը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես համաձայան եմ ձեզ հետ, բայց երևի կհիշեք, որ ես բաց նամականով ամիսներ առաջ դիմել էի Նիկոլ Փաշինյանին և հիմանվորել էի, որ չի կարելի  հանարապետության նախագահին կալանքի տակ պահել, չի կարելի և վերջ, որովհետև դա պետականության խորհրդանիշ ինստիտուտ է, դա պաշտոնյա չէ լոկ: Բաց նամակն ուղղել եմ և հորդորում էի գնալ այդ ճանապարհով, այսինքն դուրս գալ այդ բանից և խափանման միջոցը փոխել, ցավոք, դա մնաց անհաղորդ: Եթե մի իշխանություն կարող է անտեսել երկրի պետականության խորհրդանիշ հանդիսացող ինստիտուտը կրող անձին, և այդ պաշտոնյայի նկատմամբ դրսևորել այսպիսի վերաբերմունք, կարծում եմ՝ վարչապետների նկատմամբ անկասկած նրանք կարող են այդպսիի վերաբերմունք դրսևորել: Իհարկե, ես համամիտ եմ ձեզ հետ, սա անհարգալից վերաբերմունք է ոչ թե իմ հանդեպ, այլ պետության ու պետականության հանդեպ: Եվ ես պետք է ասեմ նաև, որ մի ժողովուրդ, որը դարեր շարունակ չի ունեցել պետություն և պետականություն և ըստ էության պետականաշինության ավանդույթները օբյեկտիվորեն չի ձևավորել և սերունդներով չի փոխանցում, այդ ժողովրդի համար նման խնդիրները պետության խորհրդանիշների նկատմամաբ հարգանքի, վերաբերմունքի ձևավորումը, քաղաքացիական հանրության շրջանակներում շատ էական է: Ես համոզված եմ, որ բոլոր ժամանակների իշխանության հիմնական առաքելություններից մեկն է լինելու դա  մշտապես: Սա շատ էական եմ ես համարում, այնպես որ որևէ հիմնավորում այս ամենի համար չեմ տեսնում, ավելին՝ համոզված եմ, որ այս ամենն ուղղակի քաղաքական հետապնդում է և ուրիշ ոչինչ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ