06 04 2020

Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան

Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան

Այս պահին կարող եմ առնվազն հույս հայտնել, որ ընտրովի վերաբերմունք չի լինի, և այն կվերաբերի բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են և համապատասխանում են դատախազության կողմից հրապարակված չափանիշներին: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությանը, ըստ որի՝ կդիտարկվի կալանավորված անձանց այլընտրանքային խափանման միջոցի հարցը:

«Դատախազությունն առաջարկում է, որ բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր գտնվում են կորոնավիրուսային վարակի խոցելի խմբում, այսինքն, 60 տարեկանից բարձր են, ունեն համակցված հիվանդություններ, դատախազները պետք է անհապաղ դատական նիստեր նախաձեռնեն և դիրքորոշում ներկայացնեն խափանման միջոց կալանավորման փոփոխման համար: Առաջիկա օրերին շատ բան պարզ կլինի՝ արդյո՞ք այն օբյեկտիվ չափանիշների, ոչ խտրական և միատեսակ պրակտիկայի տրամաբանության մեջ է, այսինքն, իրավունքից է բխո՞ւմ, թե՞ որոշակի կամայական գործընթաց է: Հույս ունեմ, որ սա իրականում իրավունքի պաշտպանության գործընթաց է, այսինքն , դրանից է բխում կամ այդպիսի նպատակ է հետապնդում, բայց եթե հավասարությունը չպահպանվի, այս նախաձեռնությունը կվերածվի իրավունքի կոպտագույն խախտման»,- նշեց փաստաբանը:

Արամ Վարդևանյանը, շարունակելով խոսել դատախազության նախաձեռնությունից, նաև ընդգծեց, որ դատախազության հայտարարության լույսի ներքո այն միանշանակ պետք է վերաբերի նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանը կգտնվի՞ բժշկական հաստատությունում, թե՝ ոչ, ըստ հաղորդագրության՝ այն վերաբերում է խոցելի խմբին, ովքեր ունեն համակցված հիվանդություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանն հենց այդ խմբի մեջ է գտնվում՝ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, ոչ թե իմ կամ դատախազության դիրքորոշմամբ: Եվ թեև Էրեբունի բժշկական հաստատությունից Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել, հստակ արձանագրված է, որ նրա մոտ առկա են համակցված հիվանդություններ, և բժշկական հսկողության անհրաժեշտություն կա»:

Փաստաբանը նաև հավելեց. «Անկախ ամեն ինչից, դատախազությունը մեր դատավարական հակառակորդն է, բայց նաև դատավարության կողմ է, և տեղյակ եք, որ մարտի 17-ից ի վեր մենք դատական նիստեր չենք ունենում, ոչ մի տեղեկություն չունենք վարույթ իրականացնող մարմնից, այսինքն՝ դատավոր Աննա Դանիբեկյանից: Մեր համառ ջանքերի արդյունքում կարողացանք պարզել, որ մարտի 13-ից դատավոր Դանիբեկյանը գտնվում է անաշխատունակության մեջ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակով նույն դատախազությունն անհանգստացած չէ այնպես, ինչպես մեր կողմը, քանի որ քրեական գործի մեղադրանքը պաշտպանող կողմը դատախազությունն է: Որքան մենք ենք մտահոգված այս իրավիճակով, նույնչափ պետք է դատախազությունը մտահոգված լիներ:

Մենք մեկ դատական նիստի չէինք մասնակցել, դատախազությունը հայտարարությամբ էր հանդես գալիս, մեղադրանքը պաշտպանող դատախազներն իրենց ճեպազրույցներում էին ընդգծում, թե սա ինչպիսի բացասական վարքագիծ է և այլն: Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ դատավոր Դանիբեկյանը կարծես թե չորս դատական նիստի առանց որևէ հիմանվորման չի մասնակցում, չի ներկայանում և ոչ մի տեղեկություն չի տալիս: Հիմա նույն դատախազությունն արդյո՞ք դիրքորոշում չունի այս, ինչպես նաև կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ… Շատ հետաքրքիր կլիներ լսել դատախազության դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ նշվել է, թե Աննա Դանիբեկյանը վատառողջ է, Արամ Վարդևանյանն ասաց. «Եթե ասում են, որ մարտի 13-ից դատավորը անաշխատունակության մեջ է, այսօր արդեն ապրիլի 6-ն է, և ես միայն առողջություն եմ մաղթում դատավոր Դանիբեկյանին: Մենք երկուսս էլ, ի վերջո, իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ ենք, և դրականը կարող եմ մաղթել, բայց նա հանդիսանում է այն գործով դատավոր՝ վարույթ իրականացնող մարմին, որտեղ իմ պաշտպանյալը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորման մեջ է գտնվում: Ավելին՝ մարտի 16-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն խափանման միջոցի վերաբերյալ, որը ենթակա է անհապաղ քննության: Եթե դատավոր Դանիբեկյանը չի կարողանում նշվածն ապահովել, ապա վերջինս կարող էր ելնելով պատասխանատվության զգացումից, քանի որ, ի վերջո, խոսքը գնում է ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ծայրահեղ վտանգավոր համաճարակի տարածման միջավայրում, և մենք արդեն ունենք 800-ից ավելի վարակման հաստատված, 8 ցավալի մահվան դեպք, ինչպե՞ս կարող է դատավորը նման կերպ մոտենալ իր վարույթում գտնվող գործին, որտեղ բոլոր ամբաստանյալներից միայն մեկն է կալանավորված: Եվ այս պայմաններում իր վատառողջ լինելը բավարար պատճառաբանություն չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ