05 03 2020

«Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ–ները ևս միացել են սննդի նոր համակարգին

«Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ–ները ևս միացել են սննդի նոր համակարգին

2020 թվականի մարտի 1-ից «Աբովյան» եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկները եւս միացել են մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից, «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում, պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։

Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը 4-ն է, իսկ մինչեւ 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

«Աբովյան» ՔԿՀ-ում մարտի 1-ից գործող սննդի ապահովման նոր ծրագրի ներգրավման մանրամասներն ուսումնասիրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը եւ առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այցելել են ՔԿՀ, որտեղ հիմնարկի վարչակազմի հետ ծանոթացել օրվա ճաշացանկին եւ սննդի մատուցման որակին։

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները։ «Ինչպես խոստացել ենք, մինչեւ 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կօգտվեն այս համակարգից»,-նշել է ՔԿԾ պետը։

«Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքով՝ Քրեակատարողական ծառայության հետ նաեւ քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից հետո տիրապետելով խոհարարական հմտությունների՝ աշխատանքի տեղավորման հետ կապված ունենան այլընտրանքային հնարավորություններ։

Մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից։ Սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, եւ հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ