28 02 2020

ՍԴ փոխնախագահը հանդիպել է իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչներին

ՍԴ փոխնախագահը հանդիպել է իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչներին

Փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՍԴ կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր։Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող և ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների մոտ մեծացնելու հետաքրքրությունը սահմանադրական իրավունքին, սահմանադրական արդարադատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին։Նա նաև նշել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն, և հաղթողների պարգևատրումը կկազմակերպվի 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը։ Հանդիպման մասնակիցների առաջարկությունների հիման վրա կատարվել են որոշակի ճշգրտումներ մրցույթի կազմակերպման հարցում։

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը և հանդիպմանը մասնակցող Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանել են նաև քննարկման մասնակիցներին հուզող հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի և տարբեր համալսարանների միջև հնարավոր համագործակցության հարցերին, որոնց կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հայտնել է ՍԴ պատրաստակամությունը բուհերին՝ իրենց առաքելության գործում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ