23  02  2020

ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան

ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր․ Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«„Nemo iudex in sua causa” = «Ոչ ոք չի կարող լինել դատավոր սեփական գործով»

Այն սկզբունքը, որ ոչ ոք չի կարող իր սեփական գործով լինել դատավոր, պատկանում է իրավական պետության հիմնարար սկզբունքներին։ Արդարադատության էությունն է, որ այն իրականացվի գործի հետ կապ չունեցող երրորդ անձի կողմից անձնային ու առարկայական անկախության հիման վրա:

Գործո՞ւմ է արդյոք այս սկզբունքն անսահմանափակ ձևով նաև Սահմանադրական դատարանի համար։

ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդվածի 1-ին մասը (iudex inhabilis) երաշխավորում է դատավորների չեզոքությունը սահմանադրական դատավարությունում։ Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր բազմաթիվ որոշումներում բազմիցս ընդգծել է, որ ՍԴ դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար պետք է գործի շատ ավելի խիստ մասշտաբ, քան քրեական կամ քաղաքացիական դատավարությունում: Այս տեսնակյունից ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասում սպառիչ թվարկված հիմքերը պետք է մեկնաբանվեն չափազանց նեղ՝ հաշվի առնելով սահմանադրական վարույթների առանձնահատկությունները։

Պատճառներից մեկն այն է, որ սահմանադրական դատավարությունում գործի քննությունից հեռացված դատավորի տեղը մեկ այլ դատավոր չի կարող զբաղեցնել, ուստի ՍԴ դատավորներին բացարկ հայտնելու հեշտության արդյունքը կլինի այն, որ յուրաքանչյուր հաջող բացարկը կփոքրացնի դատարանի կազմը, և արդեն շատ քիչ հաջող բացարկները կհանգեցնեն դատարանում քվորումի բացակայության։ Հետևաբար, առկա է վտանգ, որ կոնկրետ գործերով նպատակադրված բացարկներ հայտնելու միջոցով դատարանի կազմը կարող է ենթարկվել մանիպուլյացիայի։ Ու հենց նման փորձի մենք արդեն ականատես եղել ենք։ Ուստի ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասը պետք է նպատակաբանորեն նվազեցվի, երբ դատավորներից մեկին կամ մի քանիսին բացարկ հայտնելն ակնհայտորեն հուշում է նման չարաշահման մասին։ Միայն այսպես կարելի է թույլ չտալ, որ էականորեն վնասվի ՍԴ-ի գործունակությունը։

Այդ պատճառով ՍԴ դատավորների պարագայում դատավարության ելքով ընդհանուր շահագրգռվածությունը կողմնակալության վերաբերյալ կասկածի հիմք չէ։ Այս մոտեցումը հաշվի է առնում այն հանգամանքը, որ հատկապես իրավանորմերի վերահսկողության և անհատական դիմումի վարույթներում ընդունվում են որոշումներ, որոնք, օրենքների ընդհանուր և վերացական բնույթի պատճառով, վերաբերում են անորոշ թվով անձանց և անորոշ թվով դեպքերի։ Օրինակ՝ որևէ հարկատեսակի մասին ՍԴ որոշումը վերաբերում է յուրաքանչյուր պոտենցիալ հարկ վճարողի։ Եթե, օրինակ, ՍԴ-ի որոշման անմիջական ազդեցությունն առանձին դատավորի հարկային պարտավորությունների վրա համարվի կանխակալության հիմք, ապա ՍԴ-ն ընդհանրապես չի կարողանա ստուգել Հարկային օրենսգրքի սահմանադրականությունը, որովհետև բոլոր դատավորները հարկեր վճարելու իրենց պարտականության պատճառով կլինեն կանխակալ։

Նույնը վերաբերում է ամուսնաընտանեկան, ժառանգման և իրավունքի այլ ոլորտների հետ կապված հարցերի քննությանը։ ՍԴ դատավորները չպետք է քննեն, օրինակ, նաև կրոնի ազատությանն առնչվող հարցեր, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ կրոնի դավանորդ է կամ էլ հենց ոչ ու հենց այդ պատճառով կանխակալ կարծիք ունի ցանկացած այլ կրոնի վերաբերյալ։ ՍԴ որոշումների սկզբունքային բնույթի պատճառով նրա դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար չափազանց խիստ մասշտաբ կիրառելն անհրաժեշտ է անխափան սահմանադրական արդարադատություն ապահովելու համար։

Այն հարցին, թե արդյոք ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր, պետք է տալ դրական պատասխան։ ՍԴ-ն Սահմանադրության նորմերը վերջնական պարտադիր ուժով մեկնաբանելու իրավասություն ունեցող միակ մարմինն է։ Իբրև Սահմանադրության պահապան, ՍԴ-ն իրավասու է մեկնաբանել Սահմանադրության ցանկացած նորմ, այդ թվում՝ ՍԴ-ին վերաբերող սահմանադրական նորմերը։ Հակառակ դեպքում նա չէր կարողանա ստուգել, օրինակ, ՍԴ մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, որովհետև այդ օրենքն ամբողջությամբ վերաբերում է հենց իրեն։ Բայց արդեն իսկ պրակտիկայում ՍԴ-ն մի քանի անգամ քննության է առել ՍԴ մասին օրենքի սահմանադրականության հարցը, ու դա ոչ ոքի մոտ ՍԴ դատավորների անաչառության վերաբերյալ կասկած չի հարուցել։

Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության ստուգման վարույթին։ Այս վարույթում ՍԴ-ն ստուգում է սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դրույթների համապատասխանությունը բացառապես Սահմանադրության անփոփոխելի նորմերին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներին։ Ու քանի որ այս վարույթում ընդունվող որոշումը նույնպես ունի սկզբունքային բնույթ սահմանադրական փոփոխությունների ընդհանուր ու վերացական գործողության պատճառով, ուստի այդ որոշման ազդեցությունը ՍԴ դատավորների վրա նրանց կանխակալ վերաբերմունքի առնչությամբ կասկածի հիմք չէ։

Եվ վերջապես, եթե մենք պնդենք, թե այնուամենայնիվ ՍԴ-ն չպիտի իրավունք ունենա մեկնաբանելու իրեն վերաբերող սահմանադրական նորմերը, ապա բոլոր դեպքերում անհրաժեշտ է մի ատյան, որը դա կանի։ Այդ անհրաժեշտությունն անմիջականորեն բխում է Սահմանադրության գերակայության սկզբունքից։ Գերմանիայի Դաշնային ՍԴ նախկին նախագահ պրոֆ․ Լիմբախն ասում է․ «Սահմանադրության գերակայության սկզբունքի մասին գաղափարի հետ նույն պահին ծնվել է նաև սահմանադրական արդարադատությունը։ Որովհետև հենց այդ պահից պետք էր պատասխանել այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկել, թե արդյոք օրենքները, դատական ակտերը և գործադիր իշխանության գործողությունները համահունչ են Սահմանադրությանը»։ Սահմանադրության գերակայությունը ոչ մի գրոշ չարժե, եթե չպիտի լինի Սահմանադրության խախտումներն ստուգելու ու դրանք վերացնելու հնարավորություն։

Եթե մենք թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պարտադիր պիտի ստեղծենք այդ գործերը քննող մեկ այլ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ իրավասությունը։ Բայց հենց նույն պահին կծագի նույն հարցն այդ ատյանի առնչությամբ․ իրավունք պիտի ունենա՞ այդ ատյանը որոշում ընդունելու ինքն իր հարցով։ Բնականաբար հետևողականությունը պահանջում է մերժել այդ հնարավությունը, քանի որ նա կունենա կանխակալ վերաբերմունք, եթե քննի իրեն վերաբերող հարցեր։ Ուստի մեզ անհրաժեշտ է ևս մեկ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ նախորդ ատյանի լիազորությունների վերաբերյալ գործեր քննելու իրավասություն։ Ու կրկին նույն հարցը կառաջանա այս նոր ատյանի առնչությամբ, ու մեզ պետք կլինի ևս մի նոր ատյան, ևս մեկը, ևս մեկը․․․ Եթե մենք չենք ուզում, որ ինչ-որ մի ատյան քննի իրեն վերաբերող գործեր, ապա մենք անհրաժեշտաբար կունենանք ատյանների անվերջ շարան։ Գիտության մեջ այս փաստարկը կոչվում է դատական ատյանների շարան ad infinitum = մինչև անվերջություն։

Քանի որ սա խելագարություն է, ուստի այդ ատյաններն ի վերջո ինչ-որ մի տեղ պիտի կանգ առնեն։ Ու հայ սահմանադիրը այլ երկրների սահմանադիրների նման կանգ է առել հենց ՍԴ-ի վրա։ ՍԴ-ն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Ուրիշ տարբերակ չկա»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ