14  02  2020

ԱԱԾ-ն հերքում է ինքն իրեն

ԱԱԾ-ն հերքում է ինքն իրեն

https://yerevan.today/all/society/48669/bacahaytvel-en-eph-dasakhosi-koghmic-kasharq-stanalu-mi-sharq-depqer

ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը, ինչը ցանկության դեպքում կարող է հաստատվել հաղորդագրության տեքստի կրկնակի ընթերցմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ–ն։ Հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Պարզաբանում. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին և 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը, ինչը ցանկության դեպքում կարող է հաստատվել հաղորդագրության տեքստի կրկնակի ընթերցմամբ։

Բնավ, հաղորդագրությունը չի հետապնդել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը ստվերելու նպատակ։ Ի գիտություն ընդունելով և ողջունելով ֆակուլտետի գիտխորհրդի կողմից  կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ հետևողական պայքար մղելու հռչակած պատրաստակամությունը` ավելորդ չենք համարում վերահաստատել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամեն պարագայում շարունակելու է կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և դրա դեմ անզիջում պայքարը։

Զերծ մնալով ԵՊՀ կայքում տեղ գտած մեկնաբանություններում օգտագործված ձևակերպումների՝ իրավական կոռեկտություն և որոշակիություն ցուցաբերելու, անմեղության կանխավարկածը երաշխավորելու շուրջ անիմաստ վեճից`  հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խստիվ պահպանմամբ և, հենց անմեղության կանխավակածի ինստիտուտի հանդեպ հարգանքից ելնելով, ծառայությունը ձեռնպահ է մնում առերևույթ հանցագործություններ կատարած անձանց հստակ պաշտոնները և այլ անհատականացնող տվյալները նշելուց, սակայն խոչընդոտներ չի տեսնում հանրությանն իրազեկել Երևանի պետական համալսարանի այլ ֆակուլտետի դասախոսի կողմից՝  իրեն ծանոթ իրավասու անձանց միջոցով իրավագիտության ֆակուլտետի ուսանողի ընթացիկ քննությունների դրական գնահատականների ստացումն ապահովելու համար գումար ստանալու փաստական տվյալների առկայության մասին։

Անհրաժեշտ ենք գտնում նաև նշել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցած քրեական գործով ներկա պահին ձերբակալված անձինք չկան, քրեական գործը օրենքով սահմանված կարգով՝ այլ քննչական մարմնում ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով, փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն և նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց արարքներին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետն արձագանքել էր կաշառք վերցնելու պահին ԵՊՀ դասախոսի բերմնան ենթարկելու մասին ԱԱԾ–ի հաղորդագրությանը, ընդգծել, որ իրենց ֆակուլտետից ոչ ոք բերման չի ենթարկվել եւ որ այդ հաղորդագրությունում շահարկման ենթատեքստ կա։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ