13  02  2020

ՊՆ պաշտոնյաները չեղարկել են զենքի մրցույթը․ «Օրսիս»-ը դիմել է իրավապահներին

ՊՆ պաշտոնյաները չեղարկել են զենքի մրցույթը․ «Օրսիս»-ը դիմել է իրավապահներին

Tert.am-ը գրում է․ «Մյուս շաբաթ, որ հանրային դատի կտանք սուտ տեղեկություն տարածելու համար, Հանրայինը շատ ուրախ կլինի իր Ղազարյան Պետրոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժին:

Սիրունյանը, խնդիրը մանրամասնելով, նշեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր հեռադիտման սարքեր գնելու մրցույթ: «Մրցույթին մասնակցել և հաղթել է ռուսական «Օրսիս» ընկերությունը,  որը միակն է ԱՊՀ-ում, որ նման սարքեր է արտադրում: Մրցույթի ավարտից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարել է այն չկայացած՝ պատճառաբանելով, որ «Օրսիսը» չի ներկայացրել այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է,որ ընկերությունը նախկինում ևս նման մատակարարումներ է կատարել»,- ասաց նա:

Ըստ Սիրունյանի սա աբսուրդ է: «Ընկերությունը հենց դրանց արտադրողն է: Արդեն աբսուրդ է, ասում են՝ դու արտադրողն ես, ասում ենք՝ այո, ԱՊՀ-ում միա՞կն ես, ասում ենք՝ այո, ասում են կհիմնավորե՞ս, որ էլի ես արել: Մենք բերել ենք բոլոր թղթերը: Ընդ որում՝ քանի որ սրանք այլ պետությունների գաղտնիքներ են, զուտ ռուսական կողմի միջամտություններով այլ պետություններից կարողացել ենք էդ փաստաթղթերը խնդրելով, բանակցելով ձեռք բերել, որ մեր ՊՆ-ին ցույց տանք, որ մեր խելոքները համոզվեն, որ իրոք մատակարարումներ է արվել»,- տեղեկացրեց նա:

Սիրունյանն ընդգծեց իրենք մրցույթի չեղարկելը բողոքարկել են իրավապահ մարմիններին:

«Հիմա Հանրայինով հեքիաթներ են պատմում: Լավ են անում, որ պատմում են, մեր ուզածն այն է, որ դատարանում մարդը պատժվի: Ասում են որսորդական զինամթերք: Դա ի՞նչ աբսուրդ է, էն աստիճանի աբսուրդ է, որ մեկնաբանելու կարիք էլ չկա: 3-4 տարի է՝ այդ հեռադիտման սարքերը արդեն իսկ մեր ԶՈւ-երում կան ու էլի «Օրսիսն» է մատակարարել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ երկո՞ւ հայց են ներկայացնելու, մեկը ՊՆ դեմ, մյուսը՝ Հանրային ՀԸ-ի, Սիրունյանը պատասխանեց. «Իրենք հույս ունեին, թե մենք գնալու ենք հայցային ճանապարհով և իրենց հետ դատվենք 4 տարի: Մենք գտնում ենք, որ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չեղարկել են մի մրցույթ, որը ուղղված էր ռազմամթերք ձեռք բերելուն: Դրանում մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ, դրա համար դիմել ենք ոչ թե դատարան, այլ՝ իրավապահ մարմիններին, որի հիմքով էլ քրեական գործ է հարուցվել»:

Ինչ վերաբերում է Հանրայինի ռեպորտաժին, թե «Օրսիսը» որսորդական ռազմամթերք է մատակարարել, Սիրունյանը նշեց, որ ոչ Հանրայինն է լավատեղյակ, ոչ էլ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նա է այդ տեղեկատվությունը միջնորդավորված տրամադրել Հանրայինին,  չստուգված տեղեկատվություն չի կարելի հրապարակել, որ վաղը դատարանում Արծրուն Հովհաննիսյանը չասի՝ ես զինվորական չեմ, լրագրող եմ, մյուսն էլ չասի՝ ես Պետոն եմ Ղազարյան:  Թող զգույշ լինեն, որովհետև մենք եկող շաբաթ երկուսի դեմ հայց կներկայացնենք, իրենք պետք է ներողություն խնդրեն աշխարհում երկրորդ ռազմամթերք արտադրող «Օրսիս»-ից նման անզգույշ բան անելու համար»,- ասաց նա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի գնման մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ