13  02  2020

ՀՔԾ-ին չենք վստահում. չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Խուդոյան

ՀՔԾ-ին չենք վստահում. չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Խուդոյան

Փաստինֆո-ն գրում է․ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և գործով մյուս մեղադրյալի միջև առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

«Մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առերես հարցաքննություն կարող է տեղի ունենալ երկու անձանց մասնակցությամբ, ովքեր իրար հակասող ցուցմունքներ են տվել։ Քանի որ Թավադյանը ցուցմունք չի տվել, հետևաբար՝ առերես հարցաքննություն տեղի չէր կարող ունենալ։ Դա փորձում են անցկացնել իր իրավունքների ապահովման տեսանկյունից՝ ասելով, որ նա իրավունք ունի իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալ, որպես իրավունք, ոչ թե՝ որպես պարտականություն»,- նշեց Խուդոյանը՝ շեշտելով, որ հարցադրում չի եղել ՝ նա այդ իրավունքից ցանկանում է օգտվել, թե ոչ։

Նրա խոսքով՝ դա պարտադրանքի հերթական միջոցն է, երբ անձին որոշում են պարտադրել առերես հարցաքննությանը ներկա լինել՝ առանց պայմանավորվածության։

«Բոլոր այդ դեպքերում՝ այս գործով, թե այլ գործով, այդ գործողությունները թույլ չենք տա, որ շարունակվի»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանի խոսքով՝ բոլոր այն գործողություններին, որոնք պարտադիր են, Թավադյանը մասնակցում է, իսկ որ գործողություններին իրավունք ունի չմասնակցել, հրաժարվում է։

«ՀՔԾ-ին չենք վստահում։ Այդ մարմինը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել»,- նշեց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ