12 02 2020

Մտեք զորամասեր, տեսեք՝ ով է որջերի պատասխանատուն. Արթուր Դավթյանը՝ դատախազներին

Մտեք զորամասեր, տեսեք՝ ով է որջերի պատասխանատուն. Արթուր Դավթյանը՝ դատախազներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  զինվորական դատախազության գործունեության 2019թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ  անդրադարձավ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ երևույթների վերացման խնդրին:

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա և դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Սա տեսականորեն բացարձակ ճշմարտություն է: Այլ հարց է, թե այդ թերացումը ինչ աստիճանի է՝ կարգապահական խախտման աստիճանի է, հանցագործության աստիճանի է, թե՞ անփույթ վերաբերմունքի արդյունք է:

Մեր թիվ մեկ խնդիրը, որպես 2020-ի համար ձեւավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետեւողական եւ անզիջում  պայքար իրականացնելն է: Ընդ որում, այս երեւույթի դեմ պայքար այլեւս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով: Ցավալի է, որ այս քաղաքացիական կյանքում գնում ենք այս ճանապարհով այդ երեւույթի դեմ պայքարելու, անկեղծորեն գիտակցելով, որ այդ երեւույթը ունենք բանակում, որը պետական ուղիղ վերահսկողության տակ է: Պետության կողմից վճարվող աշխատողներ են այնտեղ աշխատում»,-ասաց Արթուր Դավթյանը:

Դիմելով դատախազներին՝ նա նշեց. «Ոչ աշխատանքային ժամ պետք է նայենք, ոչ մեր լիազորությունների ոչ ֆորմալ հատված պետք է նայեք: Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, զորանոցներ, պետք է համոզվեք՝ կա՞ն էս տեսակ բարքեր, թե չկան, ով է այդ բարքերի, էդ պահին այդ որջերի հիմնական պատասխանատուները: Խնդիր բարձրացրեք հրամանատարական կազմի առջեւ, տեղափոխեք, փոխադրեք այլ տեղեր, կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկեք այդ ուղղությամբ: Չենք կարող թույլ տալ, որ այս երեւույթը մեր բանակում լինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ