10 02 2020

Իշխանությունը որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը․ Արսեն Բաբայան

Իշխանությունը որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը․ Արսեն Բաբայան

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբյանը գրում է․

«Խոսենք Սահմանադրության 213-րդ հոդվածից, որն ուզում են փոփոխել: Շատ է խոսվել այն մասին, որ անցումային հոդվածները հիմնականում ենթակա չեն փոփոխության, հատկապես այնպիսիք, որոնք սպառվել են: Այս դեպքում 213-րդ հոդվածն իր գործառույթն իրականացրել է և այպիսով ավարտել իր առաքելությունը։

Բայց դրա մասին չէ, որ հիմա պիտի խոսեմ: Եկեք դիտարկենք 213-րդ հոդվածի բացակայությունը 2015 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններում:

Սահմանադրության 213-րդ հոդվածը գրելիս որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ երեք տարի անց Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա իշխանափոխություն: Իսկ այդ հոդվածի բացակայությունը նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, հնարավորություն կտար մեկ քայլով վերցնել ՀՀ սահմանադրական դատարանը: Պետք է հիշենք, որ ՍԴ-ն կազմված է առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ նշանակված դատավորներից»:

Եթե չլիներ 213-րդ հոդվածը, ապա «ՀՀԿ-ն պարզապես շատ արագ կիրականացներ ՍԴ-ի դատավորների փոփոխություն և կնշանակեր իր համար ցանկալի դատավորների, որոնք էլ կդակեին բոլոր այն ցանկություններ, որոնք ուներ կամ կունենար հենց ՀՀԿ-ն: Ասեմ ավելին, եթե չլիներ Սահմանադրության 213-րդ հոդվածը, ապա ներկայիս քաղաքական իշխանությունը որևէ հնարավորություն չէր ունենա անգամ այսպիսի ապօրինություններով փոխել ՍԴ դատավորներին: Գործող իշխանությունը պարզապես պիտի աշխատեր ՀՀԿ-ի կողմից նշանակված ՍԴ մեծամասնության հետ:

Ի՞նչ է ստացվում․ Սահմանադրությունը կազմվել և ընդունվել է այնպես, որ նույնիսկ ՀՀԿ-ն հնարավորություն չունենա ՍԴ-ն զավթելու, սակայն այսօր, գործող քաղաքական իշխանությունը, անտեսելով սահմանադրական բազմաթիվ սկզբունքներ, միջազգային հորդորներ, որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը:

Հետո էլ ասում են, թե հեղափոխություն է տեղի ունեցել: Սուտ է, չկա որևէ հեղափոխություն:

Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ եկած քաղաքական իշխանությունը կունենա բարձր արժեքներ: Որի համար Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը, պետության իրավական անվտանգությունը կլինեն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ